Անգլիայի բանկի կառավարիչ Մարկ Քարնին ներկայացրել է նոր հինգֆունտանոց պլաստիկ «թղթադրամը»։ Դարձերեսին Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի դիմանկարն է, իսկ ներքևում նրա հայտնի խոսքերը, որն արտասանել է Երկորդ Համաշխարհային պատերազմի տարիներին. «I have nothing to offer but blood, toil, tears and sweat» («Ես ոչինչ չունեմ առաջարկելու, բացի արյունից, ծանր աշխատանքից, արցունքներից և քրտինքից»։
Պլաստիկ բանկնոտն առաջինն է Անգլիայի և Ուելսի տարածքում դրամական շրջանառության պատմության մեջ: Այն շրջանառության մեջ կդրվի ընթացիկ տարվա սեպտեմբերի 13-ից: Բրիտանական բանկի ղեկավարի համոզմամբ՝ պլաստիկ փողը չի վախենում լվացվելուց, շներից և կարմիր գինուց, որ պատահաբար կարող է թափվել նրա վրա: Պլաստիկ հինգֆունտանոցը կարող է ծառայել մինչև 5 տարի՝ երկու անգամ երկար, քան սովորական թղթադրամը:
Հատկանշական է, որ Չերչիլի այդ լուսանկարն արվել է 1941 թ.–ին, հայազգի լուսանկարիչ Յուսուֆ Քարշի (Հովսեփ Քարշյան) կողմից։ Նա ծնվել է 1908 թվականին Արևմտյան Հայաստանի տարածքում տեղակայված Մարդին քաղաքում` հայերի ընտանիքում: Բայց Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածներով պայմանավորված նրա ընտանիքը ստիպված տեղափոխվում է Սիրիա։ Այնտեղից արդեն Հովսեփը տեղափոխվում է Կանադա և իր ողջ գիտակից կյանքն անցկացնում այնտեղ։լուսանկարիչ Ջորջ Նաքաշյանը: Այստեղ ստանում է կրթությունը և աշխատում Նաղաշի ստուդիայում: Նաղաշը տեսնելով Յուսուֆի լուսանկարչական տաղանդը, նրան ուղարկում է Բոսթոն` լուսանկարիչ Ջոն Գարոյի մոտ սովորելու: 4 տարի անց վերադառնում է Կանադա և ստեղծում իր ստուդիան Օտտավայի կենտրոնում: Շուտով նրա աշխատանքները գրավում են բազմաթիվ հայտնի մարդկանց: Նրա ամենահայտնի լուսանկարվողը եղել է Ուինսթոն Չերչիլը: Հաճախ է պատմվում այն պատմությունը, թե ինչպես է Քարշը ստեղծել Չերչիլի հայտնի լուսանկարը Երկրորդ Աշխարհամարտի սկզբին:
«Նա տրամադրված չէր լուսանկարվել և երկու րոպեն այն ամենն էր, ինչ նա ինձ կտրամադրեր` մինչ անցնում էր Համայնքների պալատից դեպի նախասենյակ, -գրել է Քարշը «Faces of Our Time-ում»,-երկու աղքատիկ րոպեներ` նկարահանելու մի մարդու, ով պարուրել է աշխարհը իր փառքով, իսկ ինձ, այս դեպքում` սարսափով: Չերչիլը մռայլ դեմքով շարժվեց դեպի իր սենյակ` վերաբերելով իմ խցիկին, ինչպես կվերաբերվեր գերմանացի ոսոխին»: Նրա դեմքի արտահայտությունը հրաշալիորեն համապատասխանում էր Քարշի պատկերացումներին, բայց Չերչիլի ատամների միջև խրված ծխախոտը կարծես անհամատեղելի էր նման հանդիսավոր եւ պաշտոնական առիթի հետ: «Բնազդաբար ես հանեցի նրա ծխախոտը: Այդ պահին նրա դեմքը ավելի խոժոռվեց, գլուխը ռազմատենչորեն առաջ քաշեց և ձեռքը ազդրին դրեց` ի նշան զայրույթի»: Նկարը հրաշալիորեն է որսացել Չերչիլի պատկերը` հանդուգն և անհաղթ: Ավելի ուշ Չերչիլը Քարշին ասել է. «Դու անգամ կարող ես ստիպել մռնչող առյուծին անշարժ կանգնել»: Այդ պատճառով էլ Քարշը վերնագրեց Չերչիլի նկարը` «Մռնչող առյուծ»:
Տարիներ անց ստեղծվեց ևս մեկ լուսանկար, որտեղ Չերչիլը նույն դիրքով էր, բայց ժպիտով:
Նկարի շուրջ հոդվածներ գրվեցին, այն երկու անգամ տպվեց «Life» ամսագրում: Երկրորդ անգամ նկարը տպվեց ամսագրի՝ մայիսի 21-ի (1945թ.) շապիկի վրա, երբ պատերազմն ավարտվել էր հակաֆաշիստական կոալիցիայի հաղթանակով: Այս լուսանկարի տակ առաջին անգամ Քարշի անունը գրվեց՝ որպես «Օտտավայի Քարշը»: Չերչիլի նկարն այն երեք եզակի նկարներից էր, որ շատ էր հավանում ինքը՝ հեղինակը: Սակայն, ինքն էլ չհասկացավ, թե ինչպես այդ հանճարեղ նկարը նա ընդամենը 100 դոլարով վաճառեց «Life»-ին: Հետագայում Չերչիլի հանրահայտ նկարը վերածվեց հուշային դրոշմանիշի, որտեղ նշված է՝ «Լուսանկարիչ՝ Յուսուֆ Քարշ»:
Ըստ «Ով ով է» հայտնի պարբերականի` 20–րդ դարի առավել հայտնի 100 մարդուց Յուսուֆ Քարշին հասցրել է լուսանկարել 51–ին։ Քարշն իր լուսանկարներում ներկայացրել է` Սոմերսեթ Մոեմին, Էռնեստ Հեմինգուեյին, Ֆրանկլին ու Էլիանոր Ռուզվելտներին, Ալբերտ Էյնշտեյնին, Պաբլո Պիկասոյին, Ֆիդել Կաստրոյին, Ջոն Քենեդիին, Շառլ դը Գոլին, Բերնարդ Շոուին, Ալբեր Քամյուին, Ջորջ Պոմպիդուին, Ժան Կոկտոյին, Մարտին Լյութեր Քինգին, Յուրի Գագարինին, Մայր Թերեզային, Դալիին, Օդրի Հեբպերնին և շատ այլ նշանավոր անձանց:
Комментариев нет:
Отправить комментарий