Հայտնի «Անծանոթուհին» դիմանկարի պատմությունը. ո՞վ է այնտեղ պատկերված և ինչո՞ւ չի կարելի այն տանը պահել

Ռուս գեղանկարիչ Իվան Կրամսկոյը երկար կյանք չի ունեցել:
Նա վախճանվել է բժիշկ Ռաուհֆուզի դիմանկարն անելու ընթացքում. հանկարծակիորեն խոնարհվել է ցած ու ընկել: Իվան Կրամսկոյն այդ ժամանակ 49 տարեկան էր:

Չնայած երիտասարդ տարիքին, նա հասցրել էր նկարել հայտնի ռուս գրողների, գիտնականների, նկարիչների և հասարակական գործիչների դիմանկարները։ Այդ ամենից զատ Կրամսկոյին ճանաչում բերեց նրա «Անծանոթուհին»։ Այս աշխատանքը դեռ հեղինակի կենդանության օրոք տարատեսակ խոսակցությունների տեղիք էր տվել:

Բոլորին հետաքրքրում էր, թե ով էր նկարում պատկերված կինը: 

Կրամսկոյն իր «Անծանոթուհին» նկարել է 1883 թ., կտավն այժմ ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում:

Նկարի սյուժեն այսպիսին է. երիտասարդ կինը գտնվում է Սանկտ Պետերբուրգի Նևսկի պողոտայում՝ Անիչկովի պալատի ֆոնին: Նրա հետևում՝ աջ կողմում, երևում է Ալեքսանդրինսկի թատրոնը: Կնոջ հագուստը 1880-ականների նորաձևությանն է համապատասխանում՝ «Ֆրանցիսկ» թավշյա գլխարկ՝ ջայլամի փետուրով, մուգ թավշից «Սկոբելև» բաճկոն, ձեռնոցներ՝ պատրաստված շվեդական նուրբ կաշվից: Նման նորաձև հագուկապը չափազանց գրավիչ ու անգամ անպարկեշտ էր դիտվում այդ ժամանակներում: Արիստոկրատիան աստիճանաբար մարել էր ու այլևս չէր կարողանում թույլ տալ իրենց հետևել նորաձևության վերջին ճիչերին: Ընդհակառակը, բարձր խավում ընդունված էր հնարավորին չափ հեռու մնալ նորաձևությունից: Ընդգծված նորաձևություն իրենց կարող էին թույլ տալ միայն կուրտիզանուհիներն ու սիրուհիները: Բնորդուհին անհայտ է։ Հեղինակը ո՛չ իր նամակներում, ո՛չ էլ հուշերում տեղեկություն չի թողել բնորդուհու մասին։
Հանդիսատեսին «Անծանոթուհուն» ներկայացնելուց առաջ նկարիչը՝ Իվան Կրամսկոյը, չափազանց լարված ու հուզված էր: Անգամ դուրս էր եկել ցուցասրահից, և երբ վերադարձել էր, հանդիպել էր խանդավառ ամբոխի: Կրամսկոյին մարդիկ ձեռքերի վրա բարձրացրին, և յուրաքանչյուրը փորձում էր հասկանալ՝ ո՞վ է պատկերված կտավում:

Գեղանկարչի խորհրդավոր լռությունը մի շարք լեգենդների ստեղծման հիմք դարձավ: Համաձայն վարկածներից մեկի՝ նկարի գեղեցկուհին Լեւ Տոլստոյի «Աննա Կարենինայի» գլխավոր հերոսուհին է՝ Աննա Կարենինան, ոմանց համոզմամբ էլ՝ Դոստոեւսկու «Ապուշի» Նաստասյա Ֆիլիպովնան:
Ասում են նաև, որ Կրամսկոյը «Անծանոթուհու» կերպարի համար ընտրել է իր դստերը՝ Սոֆյային: Տեսություններից մեկն էլ ասում է, թե կինը Եկատերինա Դոլգորուկովան է՝ Ալեքսանդր II-ի սիրուհին, ումից կայսրը չորս երեխա է ունեցել:

Եկատերինա Դոլգորուկովա

Մեկ այլ վարկածի համաձայն՝ Կուրսկ նահանգի Ֆատեժյան վարչական շրջանում գտնվում էր ազնվականուհի Բեստուժևայի կալվածքը: Տիրուհու զարմիկը, ով զինվորական էր, դուրս էր եկել աշխատանքից և Կովկասից վերադառնում էր Սանկտ-Պետերբուրգ` մորաքրոջը տեսակցության: Երիտասարդ Բեստուժևը հիացել էր ծառայի անսովոր գեղեցկությամբ և թովչանքով: Այդ պատճառով նա որոշ ժամանակ մնում է գյուղում: Ստանալով աղջկա համաձայնությունը` զարմիկը դիմում է մորաքրոջը, որ նա աղջկան ազատ արձակի և տանելով Սանկտ-Պետերբուրգ` ծանոթացնի ծնողների հետ: Սանկտ-Պետերբուրգում աղջիկը դուր է գալիս տղայի հարազատներին և նրան սկսում են սովորեցնել էթիկայի կանոնները, պարել, պարզվում է, որ նա նաև հաճելի ձայն ունի, դրանից բացի սկսում են սովորեցնել հասարակ քերականություն:

Իվան Կրամսկոյը, ով ընտանիքի բարեկամն էր, հաճախ էր լինում նրանց տանը: Գեղեցկուհին անկասկած չէր կարող չհետաքրքրել Կրամսկոյին` որպես գեղանկարչի: Մի անգամ Կրամսկոյը տեսնում է աղջկան ջղաձգված և կատաղությունից շառագունած և որոշում է նկարում ցույց տալ աղջկա ոչ միայն արտաքին գեղեցկությունը, այլև հուզական ներաշխարհը:
Բազմաթիվ վեճերից հետո, որոնք տեղի էին ունենում խանդի հողի վրա, երիտասարդները բաժանվում են և աղջիկը վերադառնում է հարազատ գյուղ: Ճանապարհին նա ծանր հիվանդանում է և մահանում տեղի հիվանդանոցում: Լսելով դաժան լուրը` նկարիչը օգտվելով այն էսքիզներից, որոնք արել էր Մատրյոնա Սավվիշնայի կենդանության օրոք, ստեղծում է «Անծանոթուհին» դիմանկարը:

Հիպոթեզներից ոչ մեկը ապացուցման չի ենթարկվել: Կրամսկոյը չի թողել ոչ մի գրություն կամ նամակ, որում հստակորեն նշված է մուսայի անունը:

Շատ վարկածներ կան նկարի հետ կապված. ասում են` այն ընտանիքները, որոնք խնամքով երկար տարիներ իրենց տան սենյակներից մեկում «պահում-փայփայում են» «Անծանոթուհուն», հանդիպում են դժբախտության: Խորհրդավոր հայացքով բնորդուհին կարծես հսկում է անհատի ցանկացած քայլը, հետևում նրան` դառնալով նրա կերպարի անբաժանելի մաս: Ասում են` այս անծանոթուհին անհաջողություն է բերում...

Հետաքրքիր և ուսուցողական այլ նյութեր կարող եք կարդալ այստեղ։

Комментариев нет:

Отправить комментарий