Մատա Հարիի գաղտնիքը․ կին, որը հանելուկ դարձավ կենդանության օրոք և շարունակում է մնալ մինչ օրս


Քչերը գիտեն Մատա Հարի մասին. այս կինը լեգենդ է դարձել դեռ իր կենդանության օրոք և հանելուկ է մինչ օրս։
Պատմաբանները միասնական կարծիք չունեն այն մասին, թե արդյոք այս կնոջ լրտեսական գործունեությունը նրա բարոյական թուլության ու ցինիզմի՞ հետևանքն էր, թե՞ ընդհակառակը՝ դերասանական կարողություն էր, խելք ու ունակություն՝ օգտագործելու մադկանց սեփական նպատակներին հասնելու համար։

Ճարպիկ պարուհին, ում պաշտում էին հարուստ տղամարդիկ, անհաջողակ էր սիրային հարցերում։ Մատա Հարին ինքն իր մասին միֆ էր հորինել, որն ի վերջո վերածվեց իրական պատմության։

«Նա ընդհանրապես պարել չգիտի, նա հարթաթաթություն ունի։ Նրա ունակությունների մասին ամենը հորինվածք է», - պնդում էր նրա նախկին ամուսինը։ Սակայն ոչ ոք նրան չէր հավատում, չնայած, որ տղամարդը ճշմարտությունն էր ասում։

Հայտնի պարուհի ու լրտեսուհի Մատա Հարին իսկապես շատ բան էր հորինել իր կյանքի մասին։ Նախ սկսենք նրանից, որ իրականում այս գեղեցկուհու անունը Մարգարետա Հերտրոդա Զելե էր։ Նա ծնվել էր Նիդերլանդների Լեուվարդեն քաղաքում։ Հայրը գլխարկագործ էր։ 17 տարեկանում Մարգարետան տեղափոխվեց Դեն-Հաագ՝ պապիկի մոտ։ Սակայն հարազատի հետ նա ապրել չկարողացավ։ Վերջինս աղջկանից պահանջում էր խելոք և համեստ լինել, իսկ Մարգարետան երազում էր գեղեցիկ կյանքի մասին, որտեղ ձանձրալի կանոնները տեղ չունեին։

Որպես գեղեցիկ կյանքի աղբյուր աղջիկը համարում էր, իհարկե, տղամարդկանց։ Նա ի սկզբանե գնում և ուսումնասիրում էր ծանոթության հայտարարություններ պարունակող թերթեր։ Միայնակ տղամարդկանց ցանկից Մարգարետան ընտրեց սպա Ռուդոլֆ Մաքլիդին, ով գեղեցկուհու հոր տարիքին էր։ Սակայն դա Մարգարետային չէր անհանգստացնում. նա իր ընտրության համար փոշմանեց միայն մեկ ամիս անց, երբ ամուսնուն ծառայողական նպատակներով ուղարկեցին Ճավա (հոլանդական Արեւելյան Հնդկաստան, այժմ՝ Ինդոնեզիա):։ Ասում են՝ Մարգարետան ձանձրացել է և դավաճանել ամուսնուն, այնուհետև տեղափոխվել է Փարիզ։ Մագարետան ասել է. «Ես ընտրել եմ Փարիզը, քանի որ, ամենայն հավանականությամբ, բոլոր կանանց, որոնք կորցրել են իրենց ամուսիններին, գրավում է այդ քաղաքը»։

Սակայն քաղաքը ռոմանտիկ Մարգարետային սիրալիր չընդունեց։ Նա գումար չուներ և ստիպված էր սահմանափակումների դիմել։ Սկզբում որպես բնորդուհի էր աշխատում, սակայն նրան մրցակցությունից դուրս մղեցին այլ գեղեցկուհիներ․ ֆրանսիացի նկարիչները Մարգարետային այնքան էլ բարձր չէին գնահատում, քանի որ նա փարթամ կուրծք չուներ։ Որոշ ժամանակ նա աշխատում էր կրկեսում՝ ձիերի հետ, սակայն հասկանում էր, որ նման կերպ գումար աշխատել չի կարողանա։
Մարգարետան հիշում էր, որ ամուսնացած տարիներին Օստ-Ինդիայում արևելյան պարեր է դիտել, որոնք մեծ հաճույք էին պատճառում հանրությանը։ Նա, չլինելով պրոֆեսիոնալ պարուհի, 1905 թ. առաջին անգամ դուրս եկավ հանրության առջև։ Գեղեցիկ անծանոթուհու էկզոտիկ շարժումները դուր եկան բոլոր հավաքվածներին, իսկ տղամարդիկ առավել լավ հիշեցին պարի ավարտը, երբ աղջիկը ձեռքի թեթև շարժումով հանեց բեմական հագուստը։



Իհարկե, Մարգարետան նույն պահին ձեռք բերեց բազմաթիվ հարուստ երկրպագուներ։ Նրանցից մեկը ֆրանսիացի օլիգարխ էր, որը պարուհուն առաջարկեց ելույթ ունենալ իր Արևելյան արվեստի թանգարանում։ Մագնատը գեղեցկուհու համար բեմական կեղծանուն ընտրեց՝ Մատա Հարի (թարգմանաբար՝ «օրվա աչք», այսինքն՝ արև)։ Մարգարետան իր կերպարին խորհրդավորություն հայտնեց. նա ամենուր սկսեց պատմել պատմություն այն մասին, թե ինչպես է նրա մայրը՝ 14-ամյա հնդկուհին, մահացել ծննդաբերության ժամանակ, թե ինչպես է ինքը մեծացել բուդդայական տաճարներում, որտեղ էլ էկզոտիկ պարեր է սովորել։

Մերկ գեղեցկուհուն հրավիրում էին Եվրոպայի լավագույն թատրոններ։ Նրան ծափահարում էին Ֆրանսիայում, Իսպանիայում, Իտալիայում, Գերմանիայում։ Նա փոխում էր մի հարուստ սիրեկանին մյուսով։ Մատա Հարին լողում էր շքեղության ու սիրո մեջ։ Պատերազմից առաջ նա կապնվել էր գերմանացի ոստիկան-չինովնիկի հետ։ Շատերը կարծում են, որ հենց այդ ժամանակ են գերմանացիները «աչք դրել» գեղեցկուհու վրա և սկսել օգտագործել նրան։

1914-ի ամռանը Մարգարետան Շվեյցարիայով հասավ Փարիզ։ Սահմանին նրան կանգնեցրին և պահանջեցին լրացուցիչ փաստաթղթեր։ Աղջիկը դրանք չուներ, այդ պատճառով նա Բեռլինով ուղևորվեց Հոլանդիա՝ իր կոստյումներին «միայնակ ճամփորդության» ուղարկելով։ 

«Հասնելով հայրենիք՝ ես ինձ սարսափում զգացի։ Ես գոյության միջոցներ այլևս չունեի», - հիշում է Մատան։ Հանկարծակի փողոցում Մարգարետան ծանոթանում է ունևոր բանկիրի հետ, որն արագորեն նրա սիրեկանն ու հովանավորն է դառնում։ Սակայն աղջիկն այդպես էլ Փարիզ չի հասնում և մեկ տարի անց Դեն-Հաագում հավաքագրվեց գերմանական հետախուզության կողմից։ Մարգարետային տրվեց կոդային H-21 անունը։

Արդյոք նա օգտակար եղա՞վ գերմանական հետախուզությանը։ Պատմաբանների կածիքներն այս հարցում տարբերվում են։ Որոշները վստահ են, որ Մատա Հարին բացարձակապես չէր հետաքրքրվում հետախուզության հաջողություններով և ձևականորեն էր լրտեսական աշխատանք կատարում՝ միմիայն լավ վարձավճար ստանալու համար։ Մարգարետան ինքն ասել է. «Ես հիշեցի իմ թանկարժեք մուշտակների և հագուստների մասին, որոնք խլեցին գերմանացիները Բեռլինում, և որոշում կայացրի, որ դրա դիմաց նրանցից որքան հնարավոր է շատ գումար պետք է ստանամ»։

Հակառակ տեսակետի կողմնակիցները կարծում են, որ H-21-ին պարզապես չի հաջողվել օգտակար տեղեկություններ փոխանցել Անտանտի պետությունների պլանների մսին։ Նա գերմանական հետախուզության համար աշխատել է մինչև 1916-ի սկիզբը։ Սակայն հունվարին գաղտնի տվյալներ պարունակող ռադիոհաղորդիչը, որով հնչում էր Մատա Հարիի անունը, հափշտակվեց բրիտանական հատուկզորայինների կողմից։
Մատա Հարին՝ իր ներկայացումներից մեկի ժամանակ
Ազնիվ ֆրանսիացիները, որոնք գնահատում էին կանացի գեղեցկությունը, չշտապեցին պատժել դավաճան կնոջը։ Ընդհակառակը, նրանք Մարգարետային առաջարկեցին լրտեսել իրենց կողմից։ Աղջիկը հպարտությամբ համաձայնեց, սակայն... միլիոն ֆրանկի դիմաց։ «Ես Ձեզ հետ կհամագործակցեմ, սակայն միայն այն պատճառով, որ ցանկանում եմ ամուսնանալ այն տղամարդու հետ, որին սիրում եմ, և ցանկանում եմ հարուստ կին դառնալ»։ Նա իսկապես սիրահարվել էր։ Կնոջ ընտրյալը ռուս կապիտան Վադիմ Մասլովն էր։

Ճակատագրի հեգնանքով Մատա Հարիի սիրեցյալը երկարաժամկետ պլաններ չուներ այս կնոջ հետ կապված։ Ավելի ուշ նա հայտնել է, որ Մատա Հարիի հետ պարզապես փոքրիկ սիրավեպ է ունեցել։ Մեծ վրեժի ծարավ Մատա Հարին կրկնակի լրտես դարձավ։ Ֆրանսիացիներին նա գերմանացիների մասին էր տեղեկություններ հայտնում, իսկ գերմանացիներին՝ ֆրանսիացիների։ Իհարկե, այդպես երկար շարունակվել չէր կարող։
Մատա Հարիի բանտային լուսանկարը

Մատա Հարին ձերբակալվեց 1917 թ. փետրվարի 13-ին «Էլիզե Պալաս» հյուրանոցում։ Ասում են, որ նա ոստիկանության աշխատակիցներին դիմավորել է ամբողջապես մերկացած։ Նա ժխտել է ամեն ինչ, բացառությամբ Գերմանիայի ու Ֆրանսիայի բաձրաստիճան պաշտոնյաների հետ իր ունեցած սիրավեպերից։ «Ես երբեք չեմ զբաղվել Ֆրանսիայի դեմ լրտեսական գործունեությամբ», - քննիչներին հավաստիացրել է Մարգարետան։ Դատարանում շատ մարդիկ էին նրա կողքին, նրա փաստաբանն ու միաժամանակ սիրեկանն անգամ դատավորի առջև ծնկի էր իջել։ 1917 թ. հուլիսի 25-ին Մարգարետա Հերտրուդա Զելեն դատապարտվեց մահապատժի։ 1917 թ. հոկտեմբերի 15-ին նրան դուրս բերեցին խցից և տարան վերջին շրջագայության, ապա ՝ գնդակահարման վայր։
Մատա Հարիի վերջին լուսանկարներից մեկը․ մահապատժից 8 ամիս առաջ, 1917 թ․ փետրվարի 13
Վերջին րոպեների վերաբերյալ երեք վարկած կա։ Ըստ առաջինի՝ պատժից առաջ նա մի կողմ է նետել վերարկուն՝ մահապատիժ իրականացնող տղամարդկանց խմբի դիմաց մերկանալով։ Ըստ երկրորդի՝ նա հատուկ այդ օրվա համար կարված հագուստով է եղել, իսկ ըստ երրորդի՝ նա բանտում ընդամենը մի համազգեստ է ունեցել, որով էլ մահապատժի է ենթարկվել։

Սակայն մի բանում բոլորն են համակարծիք. Մատան կյանքի վերջին րոպեներին շատ խիզախ է եղել։ Նա ինքն է բարձրացել պատվանդանին՝ խնդրելով կապել իրեն, և հրաժարվել է աչքերի սև կապից։ Պատժից առաջ նա օդային համբույր է փոխանցել, որն ուղղված էր կա՛մ իր փաստաբանին, կամ մահապատիժն իրականացնող 12 տղամարդկանց։
Չի դիմացել միայն մեկ զինվոր. նա ուշագնաց է եղել և չի կարողացել կրակել։ Սակայն 11 փամփուշտը բավական էր, որպեսզի 41-ամյա հոլանդուհու կյանքին վերջ տրվեր։
Բացի լրտեսությունից Մատա Հարիին մահապատժի ենթարկելու հավանական պատճառը կարող էր լինել նաև կուրտիզանուհու և ֆրանսիական քաղաքական և ռազմական էլիտայի միջև կապը:
Մատա Հարիի գնդակահարման պահը

1947 թ․-ին, Մատա Հարրիի գործով դատախազ Անդրե Մորնեն լրագրող ու գրող Պոլ Գիմարին խոստովանել է, որ ողջ դատավարությունը հիմնված է եղել լոկ եզրակացությունների վրա: Նա մասնավորապես ասել է. «Մեր մեջ ասած՝ մեր ունեցած ապացույցներն այնքան քիչ էին, որ դրանցով անգամ կատու պատժել չէր լինի»:

Կնոջ մարմնի մնացորդները փոխանցել են անատոմիական թատրոն։ Գլուխը զմռսել են և ուղարկել Փարիզի անատոմիայի թանգարան։ 2000 թ. պարզվեց, որ այն կորել է, և թանգարանի աշխատակիցները կարծում են, որ կամ դա Մատա Հարիի երկրպագուներից մեկի ձեռքի գործն է, կամ էլ ուղղակի անփութության արդյունքում կորցրել են: Դրա և մարմնի մյուս մասերի գտնվելու վայրն առ այսօր հայտնի չէ:
Մատա Հարիի արձանը հայրենի Լեուվարդեն



Հետաքրքիր և ուսուցողական այլ հոդվածներ կարող եք կարդալ այստեղ։

Комментариев нет:

Отправить комментарий