Մահափորձեր, որոնք պիտի փոխեին աշխարհը․ ինչո՞ւ և ովքե՞ր սպանեցին Մահաթմա Գանդիին


Նրան կոչում էին Բհաբու՝ հայրիկ, ինչպես նաև Ազգի հայր և Մահաթմա, որ նշանակում է Մեծ ոգի:
Նրա իսկական անունը Մոհանդաս Կարմաչանդ Գանդի էր, և նա, անառարկելիորեն, ազգային ազատագրական պայքարի առաջամարտիկներից էր: 1948 թվականի հունվարին, Հնդկաստանի անկախության ձեռք բերելուց վեց ամսի հետո, Գանդիին սպանեցին և աշխարհի բոլոր ծայրերում մարդիկ հարցնում էին` ինչո՞ւ: 

Բրիտանացիները հեռացան Հնդկաստանից, այստեղ թողնելով աննախանձելի ժառանգություն. երկրամասը բաժանված էր հինդուսական Հնդկաստանի և մահմեդական Պակիստանի: Կրոնական պատերազմը շարունակվում էր: Մահմեդականները սպանում էին հինդուսներին, իսկ վերջիններս, իրենց հերթին, ոչնչացնում էին մահմեդականներին, հողին հավասարեցնում նրանց գյուղերը: Քաղաքաների առանձին շրջանների բնակիչները իրենց հին հաշիվներն էին մաքրում, սեփական երկրում վտարանդի դարձած միլիոնավոր մարդիկ առանց միջոցների, առանց նպատակի ու հույսի հարյուրավոր կիլոմետրեր էին անցնում: Կրոնախև մոլեռանդները հարձակվում էին ուժասպառ գաղթականների վրա և անգթորեն սպանում: 

Զանգվածային բռնությունների դեմ ելավ ակնոցավոր, չորուկ ծերունին. հացադուլ հայտարարեց: Բոլորը գիտեին, որ չի դիմանա ու կմեռնի: Չէ՞ որ արդեն յոթանասուն տարեկան է: 

Մահաթմա Գանդին հացադուլն սկսեց հունվարի տասներկուսին ու մինչև կիրակի՝ մինչև տասնութը միայն մի քանի կում ջուր խմեց: Նրա առողջական վիճակն օրեցօր վատանում էր: Աշխարհը շունչը պահած հետևում էր, թե ինչ վախճան է ունենալու ծերունին, որ մենակ ելել էր միլիոնավոր գրգռված կրոնամոլների դեմ: Հնդկաստանում սկսեցին խոսել եղբայրասպան պայքարին վերջ տալու մասին: Գանդին հայտարարեց, որ նարնջի հյութի առաջին բաժակը կխմի, երբ ապահովվի հինդուսների և մահմեդականների խաղաղ գոյակցությունը: Մահմեդականների առաջնորդը գոհունակությամբ ընդունեց Գանդիի հայտարարությունը և իր ուրախությունը կիսեց միտինգին մասնակցող մի քանի հարյուր հազար հինդուսների ու սիկհերի հետ: 

Նույն օրը, կեսօրից հետո, երկու կողմերի ներկայացուցիչները Գանդիի ներկայությամբ ստորագրեցին հաշտության պայմանագիրը: Մահաթման խմեց նարնջի հյութի առաջին կումը: Երեկոյան հայտարարեց, որ հաշտությունն անհրաժեշտ է ոչ միայն Դելին, այլև ամբողջ Հնդկաստանին ու Պակիստանին: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ելույթ ունեցավ Պակիստանի արտաքին գործերի մինիստրը և անսքող գոհունակությամբ խոսեց հաշտության մասին. «Մահաթմա Գանդին հասավի իր նպատակին. մեր երկրամասում բարեկամության ու խաղաղության ոգին է թագավորում»: 

Մինիստրի պնդումն ակնհայտ չափազանցություն էր: Ծայրահեղականները զենքերը վայր դնելու մտադրություն չունեին: 

Մահաթմա Գանդին ապրում էր Դելիում, իր վաղեմի բարեկամի՝ արդյունաբերող Բիրլի ընդարձակ առանձնատանը: Բիրլի դղյակը բարձր պարսպով շրջափակված մի մեծ ու հին այգի ունի: Անհամար հացադուլներից հյուծված ծերունին այստեղ համամատաբար խաղաղ կյանքով էր ապրում: Նրան խնամում էին թոռնուհիները՝ Մանուն և Ավան: 
Դղյակում նաև զինված պահակախումբ կար, որը Գանդիին պաշտպանում էր երկրպագուների սիրուց և թշնամիների ատելությունից: Գանդին ավելի շատ սուրբ է, քան քաղաքական գործիչ, ավելի շատ՝ աստծո առաքյալ, քան բարենորոգիչ: Գանդին բարեգթության մարգարեն է, ժամանակակից Հնդկաստանի ապրող առասպելը: Այս լայնարձակ ու թշվառ երկրում Գանդիի նմաններին անհիշելի ժամանակներից պաշտել են: 

Հունվարի 30-ին, ուրբաթ օրը, մոտավորապես ժամը չորսին, Բիրլի դղյակ եկավ Գանդիի երբեմնի ամենամտերիմ գործընկերը՝ Սարդար Պատելը, որն արդեն ներքին գործերի մինիստրն է, հնդկական կառավարության փոխնախագահը: Սարդար Պատելը հիմա Գանդիի ամենաանհաշտ հակառակորդն է: Սովորության համաձայն Գանդին նրան ողջունեց պատշգամբում, ապա միասին ներս գնացին և շուրջ մեկ ժամ բանակցություններ էին վարում: 

Շատերի համար Մահաթման աստված էր, այդ պատճառով էլ որոշակի պարտավորվածություններ ուներ հավատացյալների հանդեպ: Ամեն օր, ժամը հինգին մոտ, երբ արևը մայրամուտ էր թեքվում և արմավենիները ստվերում էին դղյակի բակը, Գանդիի երկրպագուները, ինչպես նաև բազմաթիվ հետաքրքրասերներ, հավաքվում էին այգում, մասնակցելու հերթական միտինգին: Ամենօրյա հավաքույթներն ավելի շատ ժամերգություն էին հիշեցնում, քան միտինգ: Այնուհանդերձ հնդկական ռադիոն պարբերաբար հաղորդում էր Մահաթմա Գանդիի ելույթները: 

1948 թվականի հունվարի 30-ին, սովորականի պես, այգում շուրջ հազար մարդ էր սպասում: Ժամանակն անցնում էր, բայց Մահաթման չկար: Թոռնուհիներից մեկը՝ Մանուն, դղյակ մտավ և պապին հիշեցրեց, որ արդեն ժամանակն է: Պատելը հարգանքով գլուխ տվեց և դուրս եկավ: 

Փոքրամարմին ծերունին, որի միայն կաշին ու ոսկորներն էին մնացել, բամբակյա սպիտակ դհոտայի ծայրերը հավքեց, հագավ մաշիկները, ոտքի կանգնեց, ուսին գցեց քաշմիրյան ծածկոցը և գնաց դեպի սանդղեվանդ, որպեսզի ելույթ ունենա երկրպագուների առաջ: Մանուն սեղանից վերցրեց պապի նոթատետրը, գրիչը, ակնոցի տուփը և թուլացած ծերունուն առաջարկեց հենվել իրեն: Մյուս կողմից Գանդիին պահում էր Ավան: 

Մահաթման քայլում էր դանդաղ, արժանապատվորեն, ապա կանգնում է և ձեռքերը իրար սեղմելով պատասխանում ամբոխի ողջյուններին: Ամբոխը հարգանքով ետ է քաշվում, որպեսզի տեղ տա նրան: Մարդկանց սպիտակ ծովում միայն մեկն է կանաչ-շագանակագույն վերնաշապիկով: Սա խցկվում է մարդկանց արանքը, ճիգեր գործադրելով հասնում Գանդիին, կոպտերեն մի կողմ է հրում Մանուին և արագորեն կռանում, ասես ուզում է հնուց եկած սովորության համաձայն մաքրել Մահաթմայի մաշիկների փոշին: 

Ծերունու առաջ խոնարհված անծանոթը գրպանից հանում է ատրճանակը և կրակում: Գնդակներից երկուսը դիպչում են Գանդիի սրտին, իսկ երկրորդը՝ փորին: 

- Հե՜ ռա՜մ: Աստված իմ,-գոչում է Գանդին ու փլվում: 

Ձյունաճերմակ դհոտան սկսում է կարմրել: 1948 թվականի հունվարի 30-նն է, ժամը տասնյոթն անց տանյոթ: 

Ահաբեկիչը փորձեց ինքնասպանություն գործել: Ատրճանակն արդեն հպել էր քունքին, բայց մարդիկ հարձակվեցի նրա վրա: Քիչ էր մնացել բանը վերջանար ինքնադատաստանով, բայց Գանդիի թիկնապահն այս անգամ ժամանակին վրա հասավ: Մարդասպանին փրկեց զայրացած ամբոխի ձեռքից, որպեսզի արդարադատության ձեռքը տա: 

Մահաթմա Գանդին մահացավ: Մարդասպանին տարան ոստիկանատուն: Երեսունյոթամյա ահաբեկչին կոչում էին Նաթուրամ Գոդսե: 

Գանդիի մահվանից 71 տարի հետո էլ համոզվում ես, որ Հնդկաստանը չի մոռացել իր բհաբուին: Չի կարող մոռանալ, քանի դեռ Գանգեսում լողում են մեռած երեխաներ… Հնդիկները Գանդիին չեն մոռանա, քանի դեռ սրբերի կարիք ունեն, քանի դեռ հավատում են, որ թշվառությունն ու քաղցը թեև տհաճ, բայց կարճատև կանգառ են երանության անվերջանալի ճանապարհին… Այսօր հնդիկների թիվը հասնում է 1,2 միլիարդի, և նրանց մեծամասնությունը հավատում է ճակատագրին: 

Ռաջ Գհատը Դելիի տեսարժան վայրերից է. այստեղ են այրել Գանդիի դիակը: 
Օտարերկրացիներն այստեղ են գալիս հետաքրքիրասիրությունից դրդված, սակայն հնդիկները, ներառյալ նաև եվրոպական կրթություն ստացած երիտասարդները, Ռաջ Գհատ հասնելուն պես երկյուղածությամբ հանում են կոշիկները՝ ասես սրբավայր են մտնում: 
Աջ կողմի փոքրիկ շենքում Մահաթմայի նվիրած և նրա հեղինակած գրքերի վաճառատուն կա: Մահաթմայի գրքերը թարգմանված են աշխարհի բազմաթիվ լեզուներով: Ոչ միայն Հնդկաստանը․ Գանդիին չեն մոռանում նաև մյուս երկրներում: 

Ուրեմն, ինչո՞ւ սպանեցին նրան: 

Ահաբեկիչն ու նրա գործակիցները կանգնեցին դատարանի առաջ և պատժվեցին: Գանդիի դեմ կատարված մահափորձի քաղաքական ու հասարակական դրդապատճառների մասին երկար ժամանակ վիճում էին: 1965 թվականին, առաջին անգամը լինելով, ներքին գործերի մինիստր Նանդան հանձնաժողով կազմեց, որը պիտի քններ մահափորձի հանգամանքները: 1969 և 1970 թվականներին հրապարակվեցին մի շարք փաստաթղթեր, որոնց հիման վրա կարել է անցած իրադարձությունները վերականգնելու փորձ կատարել: 

Հնդկական քաղաքականության մեջ կրոնը վաղուց ի վեր վճռական դեր է խաղացել: Երբ երկիրը անկախ հռչակվեց, երբ Հնդկաստանը բաժանվեց մահմեդական և հինդուսական մասերի, Գանդիին միայն մասնակիորեն հաջողվեց հաշտեցներ կողմերին: Ծայրահեղականները սկզբունքորեն դեմ էին մահմեդականների հետ համագործակցելուն: Հինդու Մահասաբհան՝ Ռաշտրա Դալ և Ռաշտրիյա Սվայում Սվակ ահաբեկչական ջոկատները ղեկավարող քաղաքական կազմակերպությունը, վճռեց շարունակել պայքարը: Դելիում, սակայն, նրանք բախվեցին Մահաթմա Գանդիի հեղինակությանը: Այդ պատճառով էլ կազմակերպվեց դավադրություն, որի ղեկավարն էր Հինդու Մահասաբհայի առաջնորդը՝ միլիոնատեր Վինայակ Սավարկարը: Նրա գործելակերպն ու միջոցները ակնհայտորեն ֆաշիստական էին: 

Սավարկարը որոշեց վերացնել անցակալի փիլիսոփային, որը մեծ հեղինակություն էր վայելում: Բոմբեյից մեծահարուստը 1947 թվականի հոկտեմբերին հավատարիմների հատուկ ջոկատին հանձնարարեց վերցնել Մահաթմային: 

Դրանք վարձու մարդասպաններ կամ հուսալքվածներ չէին, այլ ուսյալ բրահմաններ: Նաթուրամ Գոդսեն աջ արմատականների Հինդու Ռաշտրա թերթի գլխավոր խմբագիրն էր, Նարայան Ապտեն խմբագրապետն էր: Նախկինում թղթե ծաղիկներ էր վաճառում, հետագայում հարեց արմատականների շարժմանը և ստանձնեց պայթուցիկներ, դաշույներ, ատրճանականեր հայթայթելու պարտականությանը: Հենց Ապտեն էր, որ մարդասպանի համար ատրճականակ ճարեց: 

Դավադիրների շարքում էր նաև Գոդսեի եղբայրը՝ զինամթերքների պահեստի ճաշարանի վարիչ Գոպալը: Ջոկատի մյուս անդամներն էին հյուրանոցի տնօրեն Վիշնու Կարկարեն, Դիգամբար Բահդգեն, վերջինիս ծառա Շանկար Կիստայան և փենջաբցի երիտասարդ փախստական Մադան Լալ Պահվեն: 

Մադան Լալ Պահվեն, հավանաբար ռոմանտիկ երազող էր: Դեռ քսան տարեկան էր, բայց հարուստ կենսագրություն ուներ: Ամենասկզբում վաճառում էր պրոֆեսոր Ջաինի գրքերը, հետո սկսեց չարչիություն անել, այունհետև ծանոթացավ հյուրանոցի տնօրեն Կարկարեի հետ, և, որովհետև վերջինս բանջարեղենի առևտրով էր զբաղվում, Մադան Լալը բանջարեղենի մատակարար դարձավ: 

Երբ մահափորձի նախապատրաստություններն արդեն մոտենում էին ավարտին, Մադան Լալը նորից հայտնվեց պրոֆեսոր Ջաինի մոտ ու պարծեցավ, թե դարձել է հարվածային ջոկատի անդամ: Պատմեց նաև անցյալի ամենայն հավանակությամբ մտացածին քաջագործությունների մասին՝ շեշտելով, որ միշտ ինքն է եղել գլխավոր դերում: 

Բոմբեյի համալսարանի հինդի լեզվի պրոֆեսոր Ջաինն, ուրեմը դեռ հունվարի 10-ին գիտեր, որ հինդուսական ծայրահեղականները Գանդիի դեմ մահափորձ են կազմակերպում, բայց իմացածի մասին ոչ մեկին չհայտնեց: Հետագայում հայտարարեց, որ չի հավատացել չարախոս և չափազանցությունների հակված երիտասարդին: Կարծում էր, թե Մադան Լալը լոկ պարծենում է: 

Մադան Լալը չէր ստել: 

1948-ի հունվարի 17-ին Բոմբեյում ինքնաթիռ նստեցին դավադիրներ Գոդսեն և Ապտեն: Թռիչքից քիչ առաջ նրանք ստացել էին իրենց առաջնորդ Սավարկարի վերջին օրհնությունը: Հասան Դելի և որպես Դեշբանդե եղբայրներ տեղավորվեցին Մարինա հյուրանոցում: Կարկարեն և Մադան Լալը մայրաքաղաք եկան գնացքով և կեղծ անուններով տեղավորվեցին Շարիֆ հյուրանոցում: Այդ երեկո, այն ժամանակ երբ Գանդիի նստավայրի շուրջ տասնյակ հազարավոր մարդիկ էին խառնվել և փառաբանում էին նրան, դավադիրները վերջին անգամ խորհուրդ արեցին: 

Գործողության ծրագիրը պարզ էր. Ապտեն, Բահդգեն և Կիստայան կխառնվեն Գանդիի ելույթը լսելու եկած մարդկանց: Բագդեն վզից լուսանկարչական սարք կկախի, կձևանա թե թղթակից է և աննկատ կմտնի հարևան տան բակը, որը միայն ճաղերով է բաժանված դղյակի այգուց: Այդ թաքստոցում կսպասի այնքան, մինչև Մանդան Լալը այգում վառի ռումբի պայթաքուղը և պայթյունը խուճապ առաջացնի: Իրարանցումից օգտվելով Բահդգեն թիկունքից կկրակի Գանդիի ծոծրակին: 

Հնդկաստանը հակասությունների երկիր է: Հնդիկների մտածողությունը եվրոպացիների համար տարօրինակ է և գրեթե անհասկանալի: Այստեղ իրական դեպքերը միջնորդավորված են հոգեբանական անընմբռնելի ու բարդ գործոններով, որոնք դարերով հյուսվել են առասպելների և հավատալիքների թելերից: Այդ է պատճառը, որ մարզված ահաբեկիչը, հազար երես փոխած չարչին, վերջին պահին վախեցավ միաչքանի մարդու հայացքից, որը կանգնած էր Բահդգեի թաքստոցից քիչ հեռու: Միաչքանու հայացքը, հավանաբար, ճակատագրի ազդանշանն էր և Բահդգեին հուշում էր, որ հարկավոր է փոխել ծրագիրը: 

Բահգդեն հրաժարվեց կրակելուց, մյուսները նույնպես վախեցան վատ նախանշանից: Մադան Լալը, բանից անտեղյալկ, վառեց քուղը: Ռումբը պայթեց, սակայն, ահաբեկիչների սպասումին հակառակ, մեծ խուճապ չառաջացավ: Մահաթմա Գանդին բոլորից շուտ սթափվեց և հանգստացրեց ամբոխին: Ամբողջ Հնդկաստանը ռադիոընդունիչներին գամված լսում էին նրա խոսքը: 

-Մահմեդականների թշնամին Հնդկաստանի թշնամին է,-հայտրարարեց Գանդին և ներկաներին հորդորեց լռություն պահպանել, ապա ավարտեց իր ելույթը: 

Մադան Լալին ոստիկանատուն տարան, մյուս դավադիրները ճողոպրեցին: Չարչի Բահդգեն հասկացավ, որ ինքը Բրահմանների գործինքն էր դառնալու: Երբ նրա մոտ եկան Գոդսեն ու Ապտեն և հաշիվ պահանջեցին, Բագդեն նրանց դուրս վռնդեց: 

Գոպալ Գոդսեն և Վիշնու Կարկարեն հյուրանոցում հավաքեցին իրենց սպիտակեղենը (ոչ մի հնդիկ առանց սեփական սպիտակեղենի չի ճամփորդում) և տեղափոխեցին Հինդուֆրանթըր հյուրանոց: Մինչ այդ դավադիրները թաքցրել էին զենքերը: Բագդեն Կիստայայի հետ մեկնեց Պոնա, Նաթուրամ Գոդսեն և Ապտեն Կանպուր մեկնելու մտադրություն ունեին: Հենց նոր էին հեռացել Մարինա հյուրանոցից, երբ հերթապահի մոտ հայտնվեցին ոստիկանները: Նրանց հետ էր նաև Մադան Լալը: Թիվ տասնչորս սենյակը, դավադիրների գլխավոր ճամբարը, սակայն, արդեն դատարկ էր: 

Մադան Լալը շատ չհամառեց. պատմեց ինչ որ գիտեր և տվեց դավադիրների անունները: Դավադիրներին մերկացնող արժեքավոր վկայություն տվեց նաև պրոֆեսոր Ջաինը: 

Թեև մահափորձի մասին տեղեկացել էր հաջորդ օրը՝ առավոտյան թերթերից, սակայն գիտակցելով իր մեղքը, անմիջապես փորձել էր կապվել ներքին գործերի մինիստր Պատելի հետ: Ցավոք մինիստրը մեկնել էր Բոմբեյից: Պրոֆեսոր Ջաինը հասկացել էր, թե ինչ սխալ է գործել՝ բանի տեղ չդնելով Մադան Լալի պարծենկոտությունը և լցվել էր սեփական սխալն ուղղելու բուռն ցանկությամբ: 

Ջաինը ներկայացավ Բոմբեյի նահանգի գլխավոր մինիստրին և տեղի ներքին գործերի մինիստր Դեսիի ներկայությամբ պատմեց այն ամենը, ինչ գիտեր: 

Մադան Լալի և Ջաինի ցուցմունքի արձանագրությունները համեմատելիս հայտնաբերվեցին մի քանի հակասություններ: Պրոֆեսորը պնդում էր, որ Մադան Լալին իր մոտ է բերել նրանց ընդհանուր բարեկամը՝ պունացի չարչի Վիշնու Կարկարեն, բայց չէր ուզում խոստովանել, որ իր ներկայությամբ դավադիրները խոսել են զենք հայթայթելու մասին: 

Ըստ Ջաինի հյուրերը խոսել էին միայն Հինդու Մահասաբհա կուսակցության առաքելության և Ռաշտրիյա Սվայամ Սվակ մարտական ջոկատների մասին: Այդ այցելության ժամանակ Մադան Լալը պրոֆեսորից դրամական օգնություն էր պահանջել: Դրամը պահանջել էր անձնական կարիքների և ոչ թե զենք գնելու համար: Իսկ ռո՞ւմբը: Ռումբի մասին խոսք եղել է: Ռումբը պետք է խուճապ առաջացնի, որպեսզի դավադիրները իրարանցման մեջ կարողանային առևանգել Գանդիին: Սպանության մասին ոչ մի խոսք չի եղել: 

Պրոֆեսոր Ջաինը փորձում էր փրկել սեփական կաշին և դա հասկանալի էր: Անհասկանալի էր սակայն ոստիկանության վերաբերմունքը: Ներքին գործերի մինիստրները գիտեին, թե ովքեր են եղել Մադան Լալի գործընկերները, գիտեին, որ ծայրահեղականները դավադրություն են կազմակերպել: Ոստիկանները նույն բանը պարզել էին Մադան Լալին հարցաքննելիս: Ուրիշ որևէ երկրում կհետևեին մի շարք նախազգուշական միջոցառումներ: Բոմբեյում ոչինչ տեղի չունեցավ: Ոստիկանապետին, հավանաբար դուր էր եկել առևանգելու վարկածը: Սկսեց պնդել, թե գործողությանը մասնակցելու էին նախապատրաստվում 20 հոգուց բաղկացած 20 հարվածային ջոկատներ և հրամայեց փնտրել 400 կասկածելի, բայց գոյություն չունեցող առևանգիչների: Գանդիի նստավայրի շուրջ ոստիկանությունը կրկնապատկեց պահապանների թիվը: Միայն այդքանը: Դավադիրները կարող էին հանգիստ ու ապահով նախապատրաստել հաջորդ մահափորձը: Եվ նախապատրաստեցին: 

Ձախողված մահափորձից հետո զարտուղի ճանապարհներով Բոմբեյ հասան Գոդսե եղբայրները, Ապտեն և Կարկարեն։ Դարձյալ կեղծ անուններով տեղավորվեցին տարբեր հյուրանոցներում:Հունվարի 25-ին, դեռ հույսը չբացված, հայտնվեցին տպարանատեր-հրատարակիչ Ջոշիի դղյակում: Հենց այստեղ էլ պայմանավորվեցին, թե ինչ են անելու առաջիկայում: Հետագա քննությունների ընթացքում պարզվել է, որ ահաբեկիչների խորհրդակցությունը տևել է շուրջ 5 ժամ: Ուրեմն, ամենայն հավանականությամբ, կազմել են գործողության մանրամասն ծրագիր: 

Հետագա օրերը հարուստ են տարօրինակ իրադարձություններով: Թեև ահաբեկիչները օրհնություն են ստացել մեծահարուստներից, բայց ատրճանաներ գնելու միջոցներ չունեին: Այդ պատճառով էլ ներկայանում են զանազան հովանավորների և ողորմություն խնդրում: Նաթուրամ Գոդսեն և Ապտեն Բոմբեյից Դելի են թռչում, սակայն հաջորդ օրը նստում են Մադրաս մեկնող ճեպընթացը և հասնում Գվալիյար: Կեսգիշերին Գվալիյարի կայարանում կառք են վարձում և խնդրում իրենց տանել մեծահարուստների թաղամաս: Ժամը 1-ին ահաբեկիչները բախում են Դատատրայա Պարչուրեի դուռը: Նրանց ընդունում է տան տերը՝ տեղի բժիշկն ու գվալիյարի հնդստանցիների առաջնորդը: Ահաբեկիչները նրանից զենք են պահանջում: 

Եթե խոսքը ողբերգության մասին չլիներ, ապա հետագա տեսարանները կարելի էր ներկայացնել որպես կատակերգություն: Բժիշկ Պարչուրեն ատրճանակ ունի, բայց ասում է, որ նրանց չի տա, քանի որ իրեն էլ է պետք: Հետո զանգում է մի վստահելի ընկերոջ: Հնդկաստանի շուկաներում ամեն ինչ կարելի է ճարել, եթե համապատասխան միջոցներ ունենաս: Այդ պատճառով էլ քիչ հետո բժշկի դղյակում հայտնվում է նրա ընկերը և ատրճանակի համար պահանջում չափազանց մեծ գումար: Ապտեն զննում է ատրճանակը, ապա նաև փորձարկում: Ատրճանակը չի գործում: Վարագույները փակվում են, տեսարանը կրկնվում է: Չնայած խորը գիշեր է, ապա նաև ցայգալույս, բայց բժշկի ընկերները վերավաճառողներ են փնտրում, վերջիններս գործը հանձնարարում են լրատուներին, իսկ լուսաբացին տասնյակ մարդիկ արդեն գիտեն, որ բժիշկ Պարչուրեի աշխատասենյակում նստած երկու անծանոթներ ուզում են լավ ատրճանակ ճարել: 

Առավոտյան վերավաճառողներից մեկը գրեթե նոր ատրճանակ է բերում, պահանջելով 500 ռուփի: Ապտեն փորձում է ատրճանակը: Լավ ապրանք է: Այդուամենայնիվ, ահաբեկիչները վճարում են ընդամենը 300 ռուփի: 

Հետո դավադիրները վերադառնում են Դելի և տեղավորվում կայարանամերձ հյուրանոցում: 

Մահաթմա Գանդին շարունակում է ապրել իր սովորական ծրագրով: Չափից դուրս նեղվում է, երբ փորձում են գովել մահափորձի ժամանակ ցուցաբերած սառնասրտությունը, ոստիկաններին արգելում է խուզարկել ամենօրյա միտինգներին մասնակցող կասկածելի հավատացյալներին, հրապարակայնորեն ներում է Մադան Լալին, լրագրողների առաջ հայտարարելով, թե նա մի անմեղ գառ է, որին ճշմարիտ ուղուց շեղել են գայլերը: 

Հետագայում կպարզվի, որ Մահաթմա Գանդին դյուրահավատ ծերունի չէ և աշխարհի մասին նրա պատկերացումները պարզամիտ չեն: Նա հստակորեն գիտակցում էր, որ ռումբը պայթեցնող պատանին լոկ գործիք է եղել: Գիտեր նաև, որ չի խուսափի ահաբեկիչների գնդակից: Այդ մասին գիտեր նաև ոստիկանությունը, որովհետև Մադան Լալը խոստովանության ժամանակ ասել էր, որ դավադիրները վերադառնալու են: Չնայած դրան ոստիկանությունը ոչինչ չձեռնարկեց Գանդիի անվտանգությունն ապահովելու համար: Իսկ ծերունին իր գալիքին նայում էր հնդիկներին բնորոշ ճակատագրապաշտությամբ․ ինչ լինելու է, կլինի: 

Գանդին սպասում էր մահվանը: Ճակատագրական այդ օրը թոռնուհուն՝ Մանուին, ասաց. «Եթե հիվանդությունից մեռնեմ, դու պարտավոր ես ինձ հայտարարել անպետք ու կեղծ մահաթմա: Եթե ինձ սպանի ռումբը կամ եթե ինչ որ մեկը գնդակ արձակի սրտիս, և ես կարողանամ մեռնել առանց ողբալու, ապա կարող ես համարձակորեն ասել, որ ես իսկական մահաթմա էի»: 

Ահաբեկիչները նախապատրաստվում են: Նրանց հարկավոր է նաև սարքովի ալիբի: Ապտեի սիրուհին մահափորձից հետո Հինդու Մահասաբհա կուսակցության Դելիի մասնաճյուղի քարտուղարությանը պիտի Ապտեի անունից հեռագիր ուղարկի, հայտնելով, որ Բոմբեյից Դելի է գալու, որպեսզի կազմակերպի Գոդսեի պաշտպանությունը: Հեռագիրը պիտի ապացուցեր, որ մահափորձի ժամանակ Ապտեն Դելիում չի եղել: Նման կառուցվածք ունեցող ալիբի էր նախապատրաստել Գոդսեն: 

Մահափորձից քիչ առաջ, ուղիղ ժամը տասներեք անց երեսուն րոպեին, բարդություններ են առաջանում: Կայարանամերձ հյուրանոցում տեղավորված ահաբեկիչները մոռացել են, որ այցելուներն այստեղ կարող են մնալ միայն մի գիշեր: Հյուրանոցից տեղափոխվելու հրաման են ստանում: 

Ահաբեկիչներն ստիպված փաթաթում են իրենց սպիտակեղենը և դուրս գալիս փողոց: Ոստիկանները գիտեն նրանց անունները, նրանց մոտ կա նաև Կարկարեի լուսանկարները, սակայն ոչ մի ոստիկան նրանց չի նկատում: Երբ հասնում է ժամը, նրանք խառնվում են Բիրլի դղյակի շուրջ հավաքված և Գանդիին սպասող մարդկանց: 

Հետագայում պարզվեց, որ ահաբեկիչները սովորականից ավելի բախտավոր են եղել: Պատահականությունը նրանց օգնեց նույնիսկ գործողության վերջին փուլում, Մահաթմա Գանդին բանակցություն էր վարում իր հակառակորդի՝ Պատելի հետ: Այդ պատճառով էլ փոքր-ինչ ուշանում է: Մանու Գանդին պապուն հորդորում է շտապել: Գանդին վճռականորեն, բայց թիկնապահի համար անսպասելի բարձրացավ տեղից և քայլեց դեպի դուրս: Ըստ սովորության ծերունու առջևից պիտի քայլեր թիկնապահ Գուրբախան Սինգը: Մինչև թիկնապահը ուշքի կգար, Գանդին արդեն մոտենում էր սանդղեվանդին: Գուրբախան Սինգն այլևս չհասրցեց առաջ ընկնել: Մյուս՝ թիկնապահը՝ Արմանաթը, թեև իր տեղում էր՝ Գանդիի հետևում, բայց չհասցրեց խանգարել ահաբեկչին: Նրա վրա հարձակվեց, երբ արդեն Գանդին մահացու վերքեր էր ստացել: Այդուհանդերձ, Արմանաթը զինաթափեց Գոդսեին և թույլ չտվեց, որ վերջինս ինքնասպանություն գործի: 

Եղբայրության առաքյալը մեռավ բռնի մահով: Հազարագլուխ ամբոխն այնպես էր ցնցվել այդ իրադարձությունից, որ մեռածի մարմինը շուրջ տասը րոպե մնաց սանդղեվանդին: Հետո, վերջապես, թիկնապահները ուշքի եկան և Մահաթմա Գանդիին տարան ներս: 

Լոնդոնյան Բի-Բի-Սի ռադիոկայանը Գանդիի սպանության մասին ռեպորտաժ հաղորդեց մահափորձից քսան րոպե հետո: Բիրլի դղյակի այգում էր գտնվում ռադիոկայանի աշխատակից Ռոբերտ Սթիմսոնը: Վերջինիս շնորհիվ մահափորձի լուրը տարածվեց ամբողջ աշխարհում: Հնդկաստանում խուճապ սկսվեց: Հայտնի չէր, թե որ կուսակցությանն է պատկանում մարդասպանը: Ինչ-որ մեկը սկսեց լուրեր տարածել, իբր չարագործը Մահմեդական միության անդամ է: Պատրաստակամ հնդիկները անմիջապես արշավեցին մահմեդականների վրա: Մահափորձից քիչ հետո Բոմբեյում բռնությունների, կողոպուտների, հրդեհների ու սպանությունների ալիք բարձրացավ: Ոստիկանության միջամտությունը չօգնեց՝ ահաբեկիչները դիմադրում էին: Փողոցներում բազամաթիվ դիակներ էին ընկած: 

Հետո լուր տարածվեց, որ մարդասպանը Հինդու Մահասաբհայի անդամ է և զայրացած ամբոխն սկսեց հետապնդել հետադեմ ծայրահեղականներին: Երբ Նաթուրամ Գոդսեի ծննդավայրում իմացան, թե ով է սպանել խաղաղության առաքյալին, Գոդսեի ամբողջ ընտանիքը զրկվեց կյանքից: Այստեղ հրո ճարակ դարձավ հիսուն բնակելի տուն: Հինդու Մահասաբհայի գործիչներն ուրիշ քաղաքներում ևս հարկադրված էին թաքստոց մտնել: Դառնացած ամբոխը հրդեհում էր նրանց տները: 

Մինչև այս ոստիկանությունը պարզեց, որ երեսունյոթամյա խմբագիր Նաթուրամ Գոդսեն Դելի է եկել Պունայից, որտեղ վարում է նաև Հինդու Մահասաբհա կուսակցության տեղի մանսաճյուղի քարտուղարի պաշտոնը և որտեղ ահաբեկիչների խումբը նախապատրաստ է մահափորձը: 

Պունան ընկած է Առաջավոր Հնդկաստանի բարձրադիր հարթավայրում: Երկրի բաժանումից հետո այս կողմերում էին հայտնվել հարյուր հազարավոր անտուն ու հուսալքված գաղթականներ: Նրանց միակ ունեցվածքը մահմեդականների հանդեպ տածած անսահման ատելությունն էր, որովհետև նրանց մեղքով էին գաղթել Պակիստանից: Կրոնական անհանդուրժողականությունից և վրեժ լուծելու մոլուցքից եռացող այդ կաթսայում է, որ ծնվեց երկու ճամբարներին հաշտեցնել ցանկացող փիլիսփային սպանելու գաղափարը: 

Մահաթմա Գանդիի սպանությունը հինդուսական ծայրահեղականների ծրագրած գործողություններից առաջինն էր լոկ, սակայն քաղաքական սպանությունները չշարունակվեցին: Ոստիկանությունը միանգամից արթնացավ: 

Հաջորդ օրն արդեն Պունայում ձերբակալեցին Բահդգեին: Բոմբեյում խուզարկեցին մեծահարուստ Սավարկարի դղյակը: Հինդու Սահասաբհա կազմակերպության ղեկավարների դեմ հզոր հարձակում սկսվեց: Ռաշտրիյա Սվայում Սվակի զինված ջոկատները օրենքից դուրս հայտարարվեցին, հազարավոր մարտիկներ ու հրամանատարներ հայտնվեցին բանտախցերում: 

Ձերբակալեցին նաև գվալիյարցի բժիշկ Պարչուրեին: Նա մեծ ոգևորությամբ էր ընդունել քաղաքական սպանության լուրը: Հնդկական ռադիոն այդ լուրը հաղորդել էր մահափորձից մեկ ժամ հետո: Հաղորդումը լսելուն պես բժիշկը իր տուն էր հրավիրել ընկերներին և սկսել էր քեֆ անել: Համահեղինակ հպարտությամբ ներկաներին հայտարարել էր, որ Գանդիին սպանող ատրճանակը Գոդսեն տարել է Գվալիյարից, որ ինքն ու իր ընկերներն էին ճարել զենքը: Հաջորդ օրը եռանդուն բժիշկը ներկայացել էր քաղաքի մեծամեծերին ու պահանջել, որպեսզի իրեն անմիջապես տեղական կառավարության անդամ դարձնեն: Անհեթեթ ինքնավստահությամբ բժիշկը հայտարարել էր, որ կատարվելու է քաղաքական հեղաշրջում, խոստացել էր... 

Փետրվարի 2-ին, քաղաքի մեծամեծերին ներկայանալուց երկու օր հետո, բժիշկն արդեն բանտախցում էր: Բանտարկությունից չխուսափեց նույնիսկ ամենակարող Սավարկարը: Վերջապես բանտում հայտնվեցին նաև Գոպալ Գոդսեն, Ապտեն, Կարկարեն և Կիստայան: 

Սպանությունից երկու օր հետո Դելիում հավաքվել էին միլիոնավոր մարդիկ, որպեսզի բարի ճանապարհ մաղթեն իրենց Մահաթմային: 

Սգո թափորի երկարությունը հասնում էր ութ կիլոմետրի: Երթը հսկում էին ոստիկանները, խաչմերուկներում կանգնած էին զրահապատ մեքենաներ: Գանդիի դիակը ծածկված էր հնդկական դրոշով: Դիակառքը քաշում էին երկու հարյուր հետևակայիններ: 
Դիակառքի հետևից քայլում էին հազար հետևակային, հազար օդաչու, հազար նավաստի և հազար ոստիկան: Թափորի երթը տևեց հինգ ժամ: Ռաջ Գհատում Գանդիի դիակը դրեցին կանոնավոր դարսված փայտերի վրա: Խարույկը վառեց Մահաթմայի որդին՝ Ռամգասը: 

Մարդասպանների և մյուս դավադիրների դատավարությունը տեղի ունեցավ Դելիի Կարմիր ամրոցում: 1948 թվականի հունիսի 22-ին մեղադրյալի աթոռին նստեցին դավադրության բոլոր մասնակիցները, այդ թվում նաև Վինայակ Սավարկարը, որը դեռ բոլորովին վերջերս ամենակարող մարդ էր: 

Նաթուրամ Գոդսեն գիտեր, թե ինչ վախճան է ունենալու: Մնացած դավադիրներն այն հույսն էին փայփայում, թե իրենց կօգնեն ականավոր փաստաբանները, թե կփոխվի քաղաքական իրավիճակը, թե չի դիմանա Ջավահարլալ Ներուի կառավարությունը և նորերն իրենց հերոս կհռչակեն: Չարաչար սխալվում էին: Հետադիմականները հարկադրված էին թողնել ասպարեզը: Նրանց ոչ փաստաբանները օգնեցին և ոչ էլ քաղաքական երեսպաշտությունը: 

Մարդասպան Գոդսեն հայտարարեց. 

- Ես հարգում էի Մահաթմային: Նրան սպանելն ինձ համար հաճելի չէր, բայց ես պարտավոր էի: Նա շատ էր հովանավորում մահմեդականներին: 

Նարայան Ապտեն հայտարարեց. 

- Ես դեմ չէի Գանդիի անձին: Ինձ համար անընդունելի էին նրա պաշտպանած սկզբունքները: Ես երբեք չէի մտածել նրան սպանելու մասին: Նրան մահվան լուրը խորապես ցնցեց ինձ: 

Մադան Լալը հայտարարեց 

- Ես Գանդիին վնասելու մտադրություն չունեի: Նման բան երբեք մտքով չի անցել: Ռումբը պայթեցրի, որպեսզի նա ուշադրություն դարձնի ինձ վրա: Ես ուզում էի նրան հանձնել իմ գանգատ-դիմումը: 

Արդարանում են, խորամանկում, չքմեղանում, բայց փաստարկներն անհամոզիչ են: Միայն Նաթուրամ Գոդսեն էր, որ ազդեցիկ ելույթ ունեցավ: Երբ նրան վերջին խոսքի իրավունք տվեցին, մարդասպանը հայտարարեց. 

- Գանդիին սպանելը իմ քաղաքացիական պարտքն էր: Ես ուզում էի ծառայել իմ հայրենիքին: Գանդիին սպանելու առաքելությունը ճակատագիրն ինձ տվեց և ես հնազանդվեցի ճակատագրին: 

Դատավարությանը մանրամասնորեն անդրադառնալու հարկ չկա: 1949 թվականի հունվարի 10-ին մեղադրյալները լսեցին դատավճիռը: Բավարար ապացույցներ չունենալու պատճառով դատարանը մեծահարուստ Սավարկարին ազատ արձակեց: Նաթուրամ Գոդսեն և Նարայան Ապտեն մահվան դատապարտվեցին, իսկ մնացածը՝ ցմահ բանտարկության: 

Սիմլեի վճռաբեկ ատյանը 1949 թվականի մայիսի 2-ի որոշմամբ ազատ արձակեց նաև բժիշկ Պարչուրեին և Կիստայային, իսկ երկու մահապարտներն ապրում էին իրենց վերջին օրերը: Մարդասպան Գոդսեն հրաժարվել էր իր նախկին հայացքներից և զղջալով հայտարարել, որ եթե ազատ արձակվի, ապա կծառայի միայն խաղաղության գործին: 

1949 թվականի նոյեմբերի 15-ին մահապարտներին դուրս բերեցին բանտի տակ, որտեղ դահիճները մահվան երկու թեկնածուի համար միայն մի կախաղան էին նախապատրաստել: Ապտեն քայլում էր արժանապատվորեն, իսկ Գոդսեն հազիվ էր քարշ տալիս ոտքերը: Այնուհանդերձ երկուսն էլ իրար հերթ չտալով, բացականչում էին. «Թող կեցցե միասնական Հնդկաստանը: Թող հավերժ ապրի մեր հայրենիքը»: 

Շատ մարդիկ չէին ուզում հաշտվել դավադիրների առաջնորդ Սավարկարին և բժիշկ Պարչուրեին ազատ արձակելու վճռի հետ: Չէ՞ որ դավադրությունը խոր արմատներ ուներ: Ո՞ւր մնացին զինված ջոկատների հովանավորները, ո՞վ էր վճարում մարդասպաններին: Քննադատվեց նաև մինիստր Պատելը: Քննադատները հիշեցնում էին, որ Պատելը Սավարկարիի մտերիմն էր: Քաղաքական իրադարձությունները սակայն թույլ չտվեցին ջրի երես հանել խարդավանքը: Տարակուսանքները վերածնվեցին տարիներ հետո: 

1964 թվականի աշնանը Վիշնու Կարկարեն, Գոսպալ Գոդսեն և Մադան Լալն ազատ արձակվեցին: Ծայրահեղականները օգտվեցին առիթից և Պունայում փոթորկոտ ընդունելություն կազմակերպեցին դավադիրների պատվին: Խմբագիր Կետկարը հրապարակայնորեն և անսքող հպարտությամբ հայտարարեց, թե մահափորձից երեք ամսի առաջ ինքը գիտեր, որ Գոդսեն սպանելու է Գանդիին և որ ծրագրված դավադրության մասին գիտեին նաև բազմաթիվ պատասխանատու պաշտոնյաներ: 

Կենտկարի հայտարարությունը տպագրվեց պարբերականներում և պառլամենտում ծագած սուր բանավեճերի պատճառ դարձավ: Ժողովուրդը Մահաթմա Գանդիին չէր մոռացել և հիմա պահանջում էր պատասխանել այն հարցին, թե ինչու 1948-49 թվականներին մինչև վերջ չի պարզվել իրողությունը, ինչու չեն պատժվել բոլոր մեղավորները: Կառավարությունը կամա-ակամա տեղի տվեց: Ներքին գործերի մինիստր Նադան 1965 թվականի մարտին հատուկ հանձնաժողով կազմեց, որը պիտի վերաքններ մահափորձի հետ առնչվող հանգամանքները: 

1969 թվականին Բոմբեյի լրագրերից մեկը տպագրեց հետաքրքիր մի տեղեկություն, որը թեև փաստական ապացույցների կարիք ունի, բայց ինքնըստինքյան շատ ուշագրավ է: Իբր կախաղան բարձրանալուց առաջ Գոդսեն հայտարարել է. «Ես Սավարկարի հրամանը կատարեցի, իսկ Սավարկարին հովանավորողը Պատելն էր»: 

Սա շատ տրամաբանական է: Ներքին գործերի մինիստրն առաջին մահափորձից հետո պարտավոր էր ապահովել Գանդիի անվտանգությունը, սակայն ոչինչ չձեռնարկեց: Պատահականությո՞ւն էր, բացթողո՞ւմ: 

Կապուրի հանձնաժողովը հանգեց այն եզրակացությանը, որ Մահաթման Գանդիի դեմ կատարված մահափորձը կազմակերպել էր դավադիրների ճյուղավորված խումբը՝ գլխավորությամբ մի շարք բարձրաստիճան պաշտոնյանների: Դավադիրները Մահաթմա Գանդիին սպանեցին այն պատճառով, որ նա խաղաղության էր ձգտում, իսկ դավադիրները դեմ էին հաշտությանը: Մահափորձը, սակայն նպատակին չծառայեց: 

Ավելի վաղ քան Գոդսեն և Ապտեն կախաղան կբարձրանային, Քաշմիրի համար մղվող պատերազմն ավարտվեց հաշտությամբ: Մահաթմա Գանդիի դեմ կատարված մահափորձը չթուլացրեց ազգային ազատագրական շարժումը, չկասեցրեց առաջընթացը: Բացառված չէ նաև, որ ծայրահեղների կատարած քաղաքական սպանությունը առաջընթացի նոր խթան դարձավ: 

Այս շարքից մեկ այլ՝ Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլի դեմ իրականացված մահափորձերի մասին կարող եք կարդալ այստեղ:

Комментариев нет:

Отправить комментарий