Ամստերդամում գոյություն ունի «Hans Brinker Budget» անվանումով մի հյուրանոց, որը հայտնի է իր սպասարկման որակով, ավելի ճիշտ՝ դրա բացակայությամբ:
Համարի մեկ օրվա արժեքը ընդամենը 40 դոլար է, և, եթե որոշել եք կանգ առնել այդտեղ, ապա կստանաք այնքան, որքան որ վճարել եք: Հյուրանոցը հպարտանում է նրանով, որ էկոլոգիապես մաքուր է, քանի որ իրեն թույլ չի տալիս այնպիսի շքեղություններ, ինչպիսիք են գումար ծախսելը հեռուստատեսության, մինի-բարի, հեռախոսի և որոշ դեպքերում լուսավորության վրա:
Նույնիսկ ջեռուցման կամ օդափոխության համակարգերը այստեղ համարվում են էկոլոգիապես մաքուր. դուք կարող եք կառավարել սենյակի ջերմաստիճանը բացելով կամ փակելով պատուհանը: Սպասարկող անձնակազմը բացասական վերաբերմունք չի ցուցաբերում, քանի որ, վերջին հաշվով, ոչինչ չի անում:
Որոշ լոգարաններ հնարավոր է չաշխատեն: Նրանք, որոնք չեն աշխատում, էկոլոգիապես մաքուր են: Ներսի բակը նույնպես էկոլոգիապես մաքուր է՝ այն ջեռուցվում է արևով, եթե այն երևում է երկնքում: Բնականաբար, համարներում չկա շամպույն կամ օճառ, և եթե ձեր բախտը բերի, ապա զուգարանում մի փոքր թղթի կտոր կգտնեք:
Մեկ սենյականոց համարներում սովորաբար տեղավորվում է մեկ հոգուց ավել մարդ, հաճախ մինչև 7-8 հոգի: Արժեքավոր իրերի պահպանման համար գոյություն ունեն առանց կողպեքի երկաթյա պահարաններ:
«Hans Brinker»-ը իր պաշտոնական կայքում հայտարարում է, որ իրենց մոտ ոչ մի տեսակի սպասարկում չկա. ոչ լողավազան կամ մարզասրահ, ոչ համարների սպասարկում: Փոխարենը կա ռեստորան և բար, որտեղ պատրաստում են էկոլոգիապես մաքուր ուտեստներ և ըմպելիքներ: Մեքենայի կայանատեղի՞ է պետք, խնդրեմ, կայանիր որտեղ պատահի...հյուրանոցին հարակից մի որևէ վայրում:
Եվ այդ ամենն էլ հաշվի առնելով, հյուրանոցն ունի բազմաթիվ հյուրեր (եթե կարելի է այդպես անվանել): Հյուրանոցը գտնվում է քաղաքի կենտրոնում, էժան է և կարծես թե այդքան էլ վատը չէ, ինչքան որ ասում են: Կարծիքները հակասական են: Եթե լինեք Ամստերդամում ապա անպայման գնահատեք այն: