«Սև գնդապետների» ռեժիմը․ Եվրոպայի վերջին ռազմական բռնապետության պատմությունը

1960-ական թվականների երկրորդ կեսին համաշխարհային պատմության մեջ հստակ համոզմունք էր ստեղծվել, որ Եվրոպայում նոր ռազմական ռեժիմների առաջացումն անհնար է:
Չնայած Իսպանիայում և Պորտուգալիայում արևմտյան աջակցության շնորհիվ շարունակում էին գոյատևել Ֆրանկոյի և Սալազարի ռեժիմները, սակայն դրանք՝ որպես այդպիսին, արդեն անցյալ էին: 
Պաշտոնական Վաշինգտոնը, Ասիայում և Լատինական Ամերիկայում, կոմունիզմի դեմ պայքարի համար խաղադրույք կատարելով զինվորականների վրա, կարծում էր, որ Հին Աշխարհում նմանատիպ պրակտիկայից ավելի շատ վնաս, քան օգուտ կլինի: Արևմտյան Եվրոպան պետք է «ժողովրդավարական արժեքների» ցուցափեղկ դառնար՝ ի հակադրություն սոցիալիստական ճամբարի երկրների:
Այդ ֆոնի վրա 1967 թ․-ին Հունաստանում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումը տհաճ անակնկալ էր ոչ միայն Խորհրդային միության, այլև ԱՄՆ-ի համար:
Առաջին համաշխարհային պատերազմից սկսած Հունաստանը չէր առանձնանում իր քաղաքական կայունությամբ: Երկրում ներքին հակամարտությունները շարունակվում էին անգամ հիտլերյան օկուպացիայի շրջանում, երբ հույները պայքար էին մղում զավթիչների դեմ:
Հունական դիմադրության շարժման մեջ մեծ դեր էին խաղում ձախերը, այդ թվում՝ նաև Հունաստանի կոմունիստական կուսակցությունը: Կոմունիստ-պարտիզանները պատրաստ էին երկիրը զավթիչներից ազատագրելուց հետո ստանձնել երկրի ղեկավարումը:
Քաղաքացիական պատերազմ «օտար տարածքում»
Բայց կոմունիստների իշխանության գալը ձեռնտու չէր արևմտյան երկրներին, հատկապես Մեծ Բրիտանիային: Ստալինի հետ բանակցությունների ժամանակ Չերչիլը հասել էր այն համաձայնությանը, որ Հունաստանը մնալու է արևմտյան դաշնակիցների ազդեցության գոտում: Դրանից հետո Հունաստանում կոմունիստների հակառակորդները, հենվելով Մեծ Բրիտանիայի ռազմական աջակցության վրա, սկսեցին զինաթափել ու ճնշել ձախերին:

Հակամարտությունը Հունաստանում 1946 թ․-ին վերածվեց մեծամասշտաբ քաղաքացիական պատերազմի։ Հույն կոմունիստների դեմ պայքարը սկսեց վերահսկել ոչ թե Լոնդոնը, այլ՝ Վաշինգտոնը, որը Թրումենի դոկտրինայի շրջանակներում ցանկանում էր արմատախիլ անել կոմունիզմն Արևմուտքի երկրներում։

Մոսկվայում երկար ժամանակ չէին կարողանում վերջնական որոշման հանգել «հունական հարցի» լուծման շուրջ։ Հույն կուսակիցներին օգնելու համար ԽՍՀՄ-ին մեծ ուժ և միջոցներ էին անհրաժեշտ, ինչը նա չուներ: Բացի այդ՝ Ստալինը շարունակում էր հավատարիմ մնալ այն պայմանավորվածությանը, ըստ որի՝ Հունաստանը համարվում էր «օտար տարածք»:
Արդյունքում՝ 1949 թ․-ի քաղաքացիական պատերազմն ավարտվեց կոմունիստների պարտությամբ: Հակամարտության զոհ գնաց ընդհանուր առմամբ 50 հազար մարդ: Պատերազմի ավարտից հետո Հունաստանում կոմունիստական կուսակցությունն արգելվեց, դրա շատ անդամներ բռնաճնշումների ենթարկվեցին: Երեք տարի անց Հունաստանը դարձավ ՆԱՏՕ-ի անդամ։
«Կոմունիստական վտանգը»
Չնայած այն բանի, որ կոմկուսն արգելված էր երկրում, Հունաստանի քաղաքական կյանքը, որում ամրապնդվել էր սահմանադրական միապետությունը, կայունությամբ չէր առանձնանում: 
Այդ ժամանակվա երիտասարդ թագավոր Կոնստանտին II-ը, ով 1965 թ․-ին գահը ժառանգել էր հորից՝ Պաուլոս I-ից, չհամաձայնվելով կառավարության առաջարկած նախագծի հետ, որով իր լիազորությունների կրճատվում էին և ցրեց նոր-նոր ձևավորված Գեորգիոս Պապանդրեուի կառավարությունը:

Եվ այսպես թագավորի հետ տարատեսակ անհամաձայնությունների պատճառով կառավարությունը պարբերաբար փոփոխվում էր, տնտեսությունը լուրջ ճգնաժամ էր ապրում, ինչն էլ բնակչության տարբեր շերտերի մոտ բողոքի ակցիաների պատճառ էր դառնում:
1965 թ․-ին Հունաստանում սկսվեց հերթական քաղաքական ճգնաժամը, որն ավելի հայտնի է «Αποστασία» (Apostasy՝ հավատուրացություն) անունով: Դրան հաջորդած երկու տարվա ընթացքում այդպես էլ չհաջողվեց աշխատունակ կառավարություն ձևավորել: Նոր խորհրդարանական ընտրությունները նշանակված էին 1967 թ․-ի մայիսի 28-ին: Կանխատեսվում էր, որ առաջին տեղը կզբաղեցնի Գերոգիոս Պապանդրեուսի «Կենտրոնական միությունը», որը, սակայն, խորհրդարանում մեծամասնություն դառնալու համար պետք է կոալիցիա կազմեր Միասնական դեմոկրատական ձախ կուսակցության հետ:
Պահպանողականները Միասնական դեմոկրատական ձախ կուսակցության դիտարկում էին որպես արգելված կոմունիստների գործունեության քողարկում, ինչը մասամբ ճիշտ էր։
Աջերը չէին կարող թույլ տալ մի բան, որը նրանց կարծիքով կոչվում էր «կոմունիստական ռևանշ»: 
Այդ պայմաններում խաղադրույքը դրվում էր ռազմական բռնապետության իշխանության գալու վրա: Դա պետք է ձևական բնույթ կրեր՝ նպատակ ունենալով ամրապնդել թագավորի իշխանությունը: Այն պետք է կազմակերպեին թագավորն ու նրան հովանավորող մարդիկ գեներալների աջակցությամբ: Սակայն վերջիններս անվճռականություն դրսևորեցին հեղաշրջման ժամկետների հետ կապված, ինչից էլ օգտվեցին միջի դասի սպաները՝ բրիգադային գեներալ Ստիլիանոս Պատտակոսի և գնդապետներ Գեորգիոս Պապադոպուլոսի ու Նիկոլաոս Մակարեզոսի գլխավորությամբ:


Ապրիլյան հեղաշրջում


1967 թ․-ի ապրիլի 21-ի վաղ առավոտյան Աթենքի փողոցներում տանկեր հայտնվեցին: Դրանք գրավեցին կարևոր շենք-շինությունները՝ սկսելով Պաշտպանության նախարարությունից: Զինվորականները հայտարարեցին, որ «տեղի է ունեցել հեղափոխությունը, որը երկրին դուրս է բերելու քաոսից»: Հեղաշրջման առաջնորդ դարձավ Պապադոպուլոսը:

Առաջին օրերին զինվորականները ձերբակալեցին երկրի ականավոր քաղաքական գործիչներին: Ընդհանուր առմամբ ձերբակալվածների թիվն անցնում էր հազարները: Նրանց շարքերում էր նաև երկրի վարչապետը: Բոլոր քաղաքական կուսակցությունների գործունեությունն արգելվեց:
Զինվորական համազգեստի առանձնահատում սև գույնի պատճառով խունտան կոչվեց «սև գնդապետների ռեժիմ»:
Վաշինգտոնում այսպիսի շրջադարձը չէին բացառել, բայց ցնծության մեջ էլ չէին: Ֆիլլիպս Թելբոթը՝ Հունաստանում ԱՄՆ դեսպանը, հեղաշրջումն անվանեց «դեմոկրատիայի բռնաբարություն»:
Ամբողջովին հրաժարվել ռեժիմի օժանդակությունից, որի հիմնական անկյունաքարը հակակոմունիզմն էր, ԱՄՆ-ը չէր կարող, բայց եվրոպական մի շարք երկրներ ամբողջովին դադարեցրեցին հարաբերությունները Աթենքի հետ:
Բայց հետաքրքրականն այն էր, որ «սև գնդապետները» չխզեցին դիվանագիտական հարաբերությունները ԽՍՀՄ-ի հետ: Հանդիպելով խորհրդային դեսպանի հետ, նոր ռեժիմի ներկայացուցիչները հայտարարեցին, որ հետաքրքրված են երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների մեծացմամբ:

Ռազմական ռեժիմը երկրի ներսում, որտեղ նրան ոչ մի առաջատար կուսակցություն չէր օժանդակում, լայն շրջանակների աջակցությունը չէր վայելում: Նույնն էր իրավիճակը նաև երկրի սահմաններից դուրս: 

Կոնստանտինոս II-ը սկզբնական շրջանում ընդունել էր նոր իշխանություններին, սակայն հետո հասկացավ, որ ինքն ուղղակի խամաճիկ է նրանց ձեռքում և որոշեց Հունաստանի ռազմածովային և ռազմաօդային ուժերի աջակցությամբ, որոնք չէին մասնակցել հեղաշրջմանը, հակահեղափոխություն իրականացնել:
«Սև գնդապետների» հանդիպումը Կոնստանտինոս II-ի հետ
1967 թ․-ի դեկտեմբերի 13-ին հակահեղափոխություն փորձը տապալվեց, մի շարք բարձրաստիճան զինվորականներ ձերբակալվեցին, իսկ արքան ողջ ընտանիքի հետ ստիպված եղավ փախչել Իտալիա: Նա բռնապետության ողջ ընթացքում մնաց աքսորի մեջ, չնայած, որ մինչև 1973 թ․-ը պաշտոնապես համարվում էր Հունաստանի թագավոր: 

Հունաստան՝ քրիստոնյաների երկիր


Խորհրդային բլոկը ակտիվ կերպով օգտագործում էր Հունաստանի բռնապետությունը՝ մեղադրելով Արևմուտքին «հակաժողովրդական ռեժիմին» օժանդակելու մեջ:

Իսկ հենց Հունաստանում, կառավարման առաջին օրերին, զինվորականների հաջողվեց ստանալ համաքաղաքացիների այն մասի աջակցությունը, ովքեր հոգնել էին քաղաքական անկայունությունից: Քաղաքական կյանքում կայունությունն օգնեց լավացնել տնտեսական իրավիճակը, ինչը ևս մեկ «պլյուս» էր խունտայի համար:

Զինվորականները փորձում էին ձևավորել սեփական գաղափարախոսությունը, որտեղ ի հակակշռումն կոմունիզմի, առաջարկվում էր «քրիստոնեական առաքինություն» ու ազգայնականություն:
Երկրի բոլոր գովազդային վահանակները պատված էին «Հունաստան՝ քրիստոնյաների երկիր, որտեղ կոմունիզմի համար տեղ չկա» գրությամբ պաստառներով: Ուղղափառության վրա հիմված գաղափարախոսությունը տարօրինակ դրսևորումներ էր ձեռք բերում: Օրինակ՝ 1967 թ․-ի մայիսին հրաման արձակվեց, համաձայն որի՝ ողջ պասի ընթացքում արգելվում էր մսային ուտելիքների պատրաստումը հասարակական սննդի կետերում: Իսկ հույների մոտ, ովքեր բացի հավատացյալ լինելուց նաև հասարակ մարդիկ են և սիրում են կյանքն իր ողջ հմայքներով, նման արգելքը չէր կարող ծափերով ընդունվել:

Զինվորականները չէին դադարում իրենց՝ իշխանության ղեկին գտնվելը լեգիտիմացնելու փորձերը, ինչպես նաև ցանկանում էին իրենց կողմը գրավել տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների: 1968 թ․-ին նոր Սահմանադրություն ընդունվեց, ինչից հետո զինվորականները սկսեցին բանակցություններ վարել քաղաքական էլիտայի ներկայացուցիչների հետ, ցանկանալով համոզել նրանց համագործակցել իրենց հետ:

1970 թ․-ի նոյեմբերի 24-ին ձևավորվեց այսպես կոչված «հույների փոքր խորհրդարանը» կամ «ներկայացուցչական ժողովը»: Դրա մեջ մտնում էին այն 92 ներկայացուցիչները, ովքեր նշանակվել էին վարչապետ Պապադոպուլոսի անմիջական հրամանով և ամբողջովին ենթարկվում էին նրան: Կառավարությունը «փոքր խորհրդարանն» անվանում էր իրական խորհրդարանի ձևավորմանն ուղղված քայլ: Բայց իրականում այդ կառույցը որոշումների կայացման վրա ոչ մի ազդեցություն չուներ:

Եվ կրկին հեղաշրջում


Մինչև 1973 թ-ը Հունաստանը ձևականորեն շարունակում էր միապետություն մնալ․ երկրից փախած թագավորի փոխարեն ռեգենտն էր համարվում միապետ: 1973 թ-ին «սև գնդապետները» հանրաքվե անցկացրեցին, ինչի արդյունքում քվեարկողների 85 տոկոսը կողմ էր միապետության վերացմանն ու հանրապետության հռչակմանը: 
Ստիլիանոս Պատտակոսը, Գեորգիոս Պապադոպուլոսը և Նիկոլաոս Մակարեզոսը
1973 թ-ի հունիսին խունտայի առաջնորդ Գեորգիոս Պապադոպուլոսը հռչակվեց Հունաստանի նախագահ:

Երկիրը կրկին բախվեց տնտեսական դժվարությունների, ռազմական խունտայի դեմ ցույցերը հաճախակի էին դարձել, իսկ Պապադոպուլոսը հուսով էր այդ ալիքը կոտրել ռեժիմի քայլ առ քայլ «ժողովրդավարացմամբ»:

1973 թ․-ի նոյեմբերին տեղի ունեցավ Աթենքի Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների բողոքի ակցիան, որը դաժանորեն ճնշվեց զինվորականների կողմից: Ավելի քան 20 ուսանող սպանվեց, հարյուրավորները՝ վնասվածքներ ստացան: Ողջ Հունաստանով մեկ ձերբակալությունների նոր ալիք բարձրացավ:

Ծայրահեղականորեն տրամադրված զինվորականները եկան այն եզրահանգման, որ նմանատիպ դեպքերը Պապադոպուլոս վարած «լիբերալ կուրսի» հետևանքն է: Ռազմական ոստիկանության ղեկավար, բրիգադի գեներալ Դիմիտրիս Իոաննիդիսը, ով «սանձերը ձգելու» կողմնակից էր, մի խումբ բարձրաստիճան զինվորականների աջակցությամբ գահընկեց արեց Պապադոպուլոսին և ստանձնեց երկրի ղեկը: 
Դիմիտրիս Իոաննիդիսը

«Կիպրոսը մերն է» օպերացիան


Այնուամենայնիվ, ռեժիմի դեմ դիմադրությունը շարունակում էր աճել։ Եվ այդ ժամանակ Իոաննիդիսը մտածեց «փոքրիկ հաղթանակող պատերազմի» մասին, որը կլավացներ խունտայի իմիջն ու կստանար հասարակության աջակցությունը:

Խունտայի լիդերը որոշեց Կիպրոսը (որի բնակչության մեծ մասը էթնիկ հույներ էին) Հունաստանին միացնելու օպերացիա անցկացնել:

1974 թ․-ի հուլիսի 15-ին Իոաննիդիսի աջակցությամբ Կիպրոսի զինվորականները գահընկեց արեցին երկրի նախագահին՝ արքեպիսկոպոս Մակարիոս III-ին: Հենց նույն պահին նոր իշխանության, ի պատիվ նրանց «ավագ եղբայրների» կոչեցին «սև մայորների ռեժիմ»:

Արքեպիսկոպոս Մակարիոս III
Բայց կիպրական արկածախնդրությունը ծանր հետևանքներ ունեցավ: Թուրք բնակչության անվտանգությունը պաշտպանելու պատրվակով երկրի տարածք ներխուժեցին թուրքական զորամիավորումներ: ՆԱՏՕ-ի երկու անդամ կանգնեցին լայնամասշտաբ պատերազմի վտանգի առջև:


Կոնֆլիկտից հնարավոր եղավ խուսափել, բայց նախկին միասնական Կիպրոսն այլևս չկար: Այն բաժանվեց հունական և թուրքական մասերի և արդեն մոտ կես դար է հնարավոր չի լինում հասնել դրանց միավորմանը: 

Պատիժ և ապաշխարություն


Կիպրոսի արկածախնդրության տապալումը վերջնականապես կործանեց «սև գնդապետների» հեղինակությունը: Նրանց դեմ միավորվեցին գրեթե բոլոր քաղաքական կուսակցությունները՝ ինչպես ձախերը, այնպես էլ աջերը:

1974 թ․-ի օգոստոսին զինվորականները ստիպված եղան իշխանությունը հանձնել ժողովրդական կառավարությանը: Օգոստոսի 1-ից գործի դրվեց 1952 թ․-ի Սահմանադրությունը, որով վերականգնվում էր քաղաքացիական իրավունքն ու բանակի նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունը: 1974 թ․-ի սեպտեմբերին վերականգնվեց քաղաքական կուսակցությունների գործունեության ազատությունը:

1975 թ․-ի հունիսին նոր Սահմանադրություն ընդունվեց, որով Հունաստանը հայտարարվեց խորհրդարանական հանրապետություն:

Պապպադոպուլոսը, Իոաննիդիսը, Մակարեզոսն ու Պատտակոսը ձերբակալվեցին և հայրենիքի դավաճանության համար դատապարտվեցին մահապատժի: Ավելի ուշ պատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ:
Այսօր արդեն «սև գնդապետներից» և ոչ մեկը ողջ չէ: Վերջինը կյանքից հեռացավ Ստիլլիանոս Պատտակոսը, ով մահացավ 2016 թ․-ին, 104 տարեկանում։ Պաշտոնապես ապաշխարելով իր արաքների համար, նա կալանքից ազատ արձակվեց 1990 թ-ին և քառորդ դար ապրեց ազատության մեջ: 

Նիկոլաս Մակարեզոսը ևս առողջական խնդիրների պատճառով 1990 թ․-ին ազատ արձակվեց: Նա մահացավ 2009 թ․-ին, 90 տարեկան հասակում:

Խունտայի լիդեր Գեորգիոս Պապադոպուլոսը հրաժարվեց ապաշխարության պայմանով համաներումից: Նա մահացավ քաղցկեղից, 1999 թ․-ին, 80 տարեկան հասակում:

Իոաննիդիսը ևս, ում խղճի վրա ուսանողների ցույցի դաժանաբար ճնշումն էր, այդպես էլ մեղքերի թողություն չարեց ու մահացավ անազատության մեջ, 2010 թ-ին, 87 տարեկան հասակում:

Հետաքրքիր և ուսուցողական այլ նյութեր կարող եք կարդալ այստեղ։

Комментариев нет:

Отправить комментарий