Մի աղջնակի պատմություն. Սամանտա Սմիթ

Սամանտա Սմիթ՝ ամերիկացի դպրոցական, ով հայտնի դարձավ իր՝ 1982 թ.-ին ԽՍՀՄ-ի առաջնորդ Յուրի Անդրոպովին գրած նամակով:
Նա դա արեց այն բանից հետո, երբ Times ամսագրում կարդաց Անդրոպովին՝ ով դեռ նոր էր եկել իշխանության, նվիրված մի հոդված: Հոդվածում խոսվում էր այն մասին, որ այս մարդը վտանգավոր է ԱՄՆ-ի համար և, որ նրա կառավարման տարիներին կսկսվի նոր պատերազմ: Կարդալով այդ հոդվածը, Սամանտան հարցրեց մորը.


-Իսկ ինչու՞ են բոլորը վախենում պարոն Անդրոպովից: Ինչու՞ ոչ ոք չի հարցնում, արդյո՞ք պատրաստվում է նա հարձակվել մեր երկրի վրա:
Ի պատասխանը, մայրը կատակով ասաց. 

-Իսկ ինչու՞ դու անձամբ չհարցնես նրանից:

Սամանտան լուրջ ընդունելով մոր խոսքերը սկսեց նամակ գրել. «Հարգելի պարոն Անդրոպով. Իմ անունը Սամանտա Սմիթ է: Ես 10 տարեկան եմ: Շնորհավորում եմ Ձեզ՝ Ձեր նոր նշանակման կապակցությամբ: Ես շատ եմ անհանգստանում, արդյո՞ք չի սկսվի պատերազմ Խորհրդային Միության և Միացյալ Նահանգների միջև: Դուք կո՞ղմ եք պատերազմին, թե՞ ոչ: Եթե դեմ եք, խնդրում եմ, ասեք, ինչպե՞ս եք պատրաստվում կանխել այն: Դուք իհարկե պարտավոր չեք պատասխանել այս հարցին, սակայն ես ուզում եմ իմանալ, թե ինչո՞ւ եք Դուք ցանկանում գրավել ողջ աշխարհը կամ ծայրահեղ դեպքում մեր երկիրը: Աստված արարել է երկիրը, որպեսզի մենք բոլորս կարողանանք ապրել խաղաղության մեջ և չպատերազմենք: Հարգանքներով՝ Ձեր Սամանտա Սմիթ»
6 ամիս անց աղջկա նամակը հրապարակվեց խորհրդային "Правда" թերթում: 1983 թ.-ի ապրիլի 26-ին նա Յուրի Անդրոպովից պատասխան ստացավ. «Մենք Խորհրդային Միությունում փորձում ենք անել ամեն բան, որպեսզի մեր երկրների միջև պատերազմ չլինի, որպեսզի առհասարակ աշխարհում պատերազմ չլինի: Այդպես է ուզում յուրաքանչյուր խորհրդային քաղաքացի: Եթե ծնողներդ թույլ կտան, քեզ հրավիրում ենք մեզ մոտ, ավելի լավ է ամռանը: Կտեսնես մեր երկիրը, կհանդիպես քո հասակակիցներին, կլինես երեխաների միջազգային ճամբարում: Եվ ինքդ կհամոզվես, որ Խորհրդային Միությունում բոլորը կողմ են ժողովուրդների միջև բարեկամությանն ու խաղաղությանը»,-գրել էր Յուրի Անդրոպովը: 
1983 թ.-ի հուլիսին Սամանտան ծնողների հետ մեկնեց ԽՍՀՄ: Մոսկվայում նրան ջերմ ընդունելություն էր սպասվում: Աղջնակը այնտեղ անցկացրեց 2 շաբաթ: 
1983 թ.-ի ապրիլի 22-ին, թռիչքից առաջ, Սամանտան արտասանեց մի բառ, որը մինչ օրս հիշում են շատերը. «Կապրե՛նք»: Շնորհիվ աղջնակի, նոր արտահայտություն ի հայտ եկավ՝ «մանկական դիվանագիտություն»:
Ուղևորության գլխավոր արդյունքը եղավ Սամանտայի «Իմ ճանապարհորդույթունը դեպի ԽՍՀՄ» գիրքը: Նրանում աղջնակը գրում էր, թե ինչե՜ր է տեսել ԽՍՀՄ-ում. «Նրանք այնպիսին են, ինչպես մենք»:








1985 թ.-ի օգոստոսի 25-ին Սամանտան զոհվեց ավիավթարի ժամանակ: Նա հոր հետ վերադառնում էր Անգլիայից, որտեղ մասնակցում էին Ռոբերտ Վագների շոուին: Օգաստա քաղաքի օդանավակայանում նրանց սպասում էր Ջեյն Սմիթը՝ Սամանտայի մայրը: Օդանավակայնում նրան մոտեցավ համազգեստով մի տղամարդ և ասաց. 
-Ինքնաթիռն իջել է, տիկին: 
-Այսի՞նքն, ինչպե՞ս թե իջել է,-հարցրեց նա: 
-Ես նկատի ունեմ, որ նրանք վթարի են ենթարկվել: Բոլորը մահացել են: Ինքնաթիռը չի կողմնորոշվել վատ տեսանելիության պայմաններում և վայրէջք է կատարել թռիչքուղու կողքը,-պատասխանեց անծանոթը: 
Սամանտան այն ժամանակ ընդամենը 13 տարեկան էր: 
Սամանտա Սմիթի անմեղ նամակով սկիզբ դրվեց Սառը պատերազմի ավարտին: Մանկական անմեղ մի նամակ, որը ավելի զորեղ գտնվեց շատ քաղաքական գործիչների լուրջ վերլուծություններից ու ենթադրություններից:

1986 թ.-ին Օգաստա քաղաքում բացվեց Սամանտայի հուշարձանը




Комментариев нет:

Отправить комментарий