Ովքե՞ր և ինչպե՞ս սպանեցին Չե Գևարային՝ 20-րդ դարի ամենահայտնի հեղափոխականին (Photo)


Նրան կոչում էին Չե։
Երբ դարձավ Կուբայի Ազգային բանկի տնօրենը, նոր արժեթղթերը նույնպես ստորագրեց մականունով՝ Չե։ Դա դժվար թարգմանելի իսպաներեն արտահայտություն է, որը գործածվում է հատկապես Բուենոս Այրեսի շրջակայքում։ Մոտավորապես նույն նշանակությունն ունի, ինչ հայկական «դե» կամ «ապա» արտահայտությունները։ 

Ասում են, թե արգենտինացիները հաճախ են գործածում «չե» արտահայտությունը, իսկ Էռնեստո Գևարան արգենտինացի էր։ Ծնվել էր 1928 թվականին, Ռոսարիոյում։ Ավարտել էր Բուենոս Այրեսի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 

Այդ մականունով նրան կնքեցին Սիեռա Մաեստրա լեռներում, երբ Ֆիդել Կաստրոյի հետ մեկտեղ պայքարում էր Կուբայի ազատության համար։ Կուբայական հեղափոխության ավարտից հետո մեծ փորձարարություն ձեռնարկեց։ Հավատում էր, որ կարելի է ազատագրել նաև Բոլիվիան։ Ուղիղ քսան տարի բոլիվիացիները երազում էին ազատության մասին։ Հետո հակահեղափոխական խռովություն տեղի ունեցավ, և գեներալ Ռենե Բարրիենտոս Օրտունյոն հաստատեց բռնությունների, երեսպաշտության ու սոցիալական ճնշումների իշխանություն։ 

Տնտեսությունը շեշտակի անկում ապրեց, բայց երկու հարյուր հազարանոց բանակն աճեց հարյուր հազարով։ Նավթային պետական ընկերությունները առաջընթաց չունեին, բաց դրան հակառակ շեշտակիորեն աճում էին արտասհմանյան «Գալֆ Օյլ Քոմփընի» ընկերության եկամուտները։ Երկրում իրենց կամքն էին թելադրում Ամերիկայի զինվորականության ներկայացուցիչները։ Առաջինն ապստամբեցին հանքափորները, սակայն նրանց ապստամբությունն արագ ճնշվեց։ Երկրում իշխողը ոստիկանությունն էր, գլխավոր խոսքը պատկանում էր գեներալներին։ 

Մարդիկ տառապում էին, իսկ Չե Գևարան հավատում էր, որ Բոլիվիայում նույնպես հասունացել է հեղափոխությունը։ Այդ պատճառով էլ մի բուռ հավատարիմ մարդկանց հետ գնաց Կորդիլերայի կուսական անտառներում կռվելու։ 

Համոզված էր, որ իր կողմը կգրավի ընչազուրկ հնդկացիներին, որ իր հետևից կգան չքավոր գյուղացիներն ու գործազուրկները։ 
Մեծ հիասթափություն ապրեց։ Ինքը խոսում էր, նրանք լսում էին, բայց դեմքերի ոչ մի մկանը չէր շարժվում։ Չէի՞ն հավատում օտարերկրացու խոսքերին։ Համոզի՞չ էին, արդյոք փոքրամարմին, մորուքավոր երիտասարդի խոսքերը։ Որտեղի՞ց էր հայտնվել կանաչ համազգեստ հագած և տարօրինակ, մինչև այժմ իրենց անծանոթ իսպաներենով խոսող այս մարդը։ Մի՞թե եռանդուն շարժումներ անող կասկածելի օտարերկրացին կարող է մի բուռ ընկերներով հաղթել երեք հարյուր հազարանոց բանակին։ Գյուղացիների հոգում վախ կար: Նրանք մշակում էին 1953 թվականի բարեփոխումների ժամանակ ստացած իրենց հողակտորները և վախենում էին կորցնել իրենց փոքրիկ ունեցվածքը։ Մութ հայացքներով զննում էին հրացանավոր քարոզչին։ Լռեցին այնքան ժամանակ, մինչև օտարերկրացին ստիպված հեռացավ։ Գևարայի ջոկատին հաղթեցին ոչ թե տխրահռչակ «կանաչ բերետավորները», այլ լուռ ու անտարբեր հնդկացիները։ Բայց ամեն ինչ սկսենք սկզբից:

1966 թ. հոկտեմբերի 3-ին Բոլիվիայի մայրաքաղաք Լա Պաս ժամանեց մեքսիկացի գործարար Ադոլֆո Մենա Գոնսալեսը: Անհայտ տարիքի տղամարդ, ակնոցով, ճաղատ. նա ոչինչով չէր տարբերվում ամեն օր Սան Պաուլոյից ժամանող առևտրականներից: Գործարարի համար ամրագրած էր լյուքս համար «Կոպակաբան» հյուրանոցում: 
Այդ անծանոթը Չե Գևարան էր: Նա անօրինական ժամանեց այստեղ, որպեսզի սկսի իր վերջին պատերազմը: Այստեղ նա իր կյանքում վերջին անգամ է քնում հարմարավետ ու փափուկ մահճակալին:

1966 թ. նոյեմբերի 4-ին Չե Գևարայի հետևից «Կոպակաբան» հյուրանոց եկավ Բոլիվիայի Կոմկուսին պատկանող Toyota ամենագնացը: Չե Գևարան գնում էր Ռիո Գրանդե գետի շրջան: Այնտեղ նրա համար լքված ագարակում արդեն պատրաստ էր շտաբը: Ագարակը պատկանում էր Չե Գևարայի մոտ ընկերուհուն, ում նա Տանյա էր անվանում: 

Ագարակը, որը դարձել էր պարտիզանական շտաբ, Տանյան ձեռք էր բերել Չե Գևարայի հրահանգով: Կնոջ իրական անունը Թամարա Բունկե էր: Նա ծնվել էր Արգենտինայում, գերմանացի կոմունիստների ընտանիքում: Տանյան կուբայական հետախուզության գործակալ էր Բոլիվիայում, ինչպես նաև Բոլիվիայի նախագահի սիրուհին: 

Թամարայի հետ Չե Գևարան ծանոթացել էր որպես Կուբայի դեսպան Արևելյան Բեռլին կատարած այցի ժամանակ: Իսկ Թամարան հրաշալի թեկնածու էր նման հյուրին ուղեկցելու համար: Նա խոսում էր հինգ լեզվով, հմայիչ էր ու անկեղծ: Չե Գևարան պարզապես հիացած էր նրանով: Բոլիվիա Թամարա Բունկեն ժամանել էր 1964 թվականի նոյեմբերին, որպես արգենտինացի ազգագրագետ, Լաուրա Գուտիերես կեղծանվամբ: 

Իր պարտիզանական խումբը Չե Գևարան անվանել էր «Ազգային ազատագրության բանակ»: Ամանորի նախօրեին ապստամբների ճամբար ժամանեցին Տանյան և Կոմկուսի գլխավոր քարտուղար Մարիո Մոնխեն: 
Մոնխեն և Գևարան
Շուտով Մոնխեն լքեց ճամբարը և Տանյան մնաց մենակ: Կողմնակիցների խումբը բաղկացած էր 16 կուբացիներից, 26 բոլիվիացիներից, պերուացիներից և արգենտինացիներից: Ընդհանուր առմամբ 47 մարտիկ: Տանյան միակ կինն էր ջոկատում: 

ԱՄՆ-ի մասնագետները երկար տարիներ հետևում էին Չե Գևարայի յուրաքանչյուր քայլին, վերլուծում նրա արտասանած կամ գրած յուրաքանչյուր նախադասությունը։ Գևարայի «Պարտիզանական պատերազմ» գրքույկը թարգմանվեց աշխարհի բազմաթիվ լեզուներով, իսկ ամերիկյան ռազմագետները պարտիզանների դեմ պայքարի պատրաստվող բոլոր զինվորներին ու գաղտնի գործակալներին ստիպում էին ընթերցել ու վերընթերցել այդ ձեռնարկը։ Գևարայի տեսական խորհրդածություններն ու գործնական ցուցումները ուսումնասիրում էին ԱՄՆ-ի և դաշնակից երկրների ռազմական ակադեմիաների բազմաթիվ հոգեբաններ, քաղաքագետներ, սոցիոլոգներ։ Գաղտնի ծառայությունների վարժակենտրոններում ապագա գաղտնի գործակալները պարտավոր էին անգիր սովորել գրքի կարևորագույն հատվածները։ Արևմտյան գաղտնի ծառայությունների մասնագետները գիտեին Գևարայի բնավորության բոլոր թույլ և ուժեղ կողմերը, բժիշկ փորձագետները ճշգրիտ տեղեկություններ էին տալիս նրա առողջական վիճակի մասին, հրապարակվող և գաղտնի լուրերի հիման վրա կազմվում էին նրա հիվանդությունը բնութագրող զեկուցագրեր։
1966 թվականի նոյեմբերի 7-ին Պենտագոնը տեղեկացավ, որ պարտիզանական կռիվների լեգենդար հերոսը հրաժարվել է մինիստրական աթոռից և իր տասնյոթ ընկերեների հետ Կուբայից անցնել Բոլիվիա, որպեսզի պայքարի այդ երկրի ազատության համար։
Բոլիվիայի ռազմական ինքնաթիռները նապալմով (այրվող նյութ) ռմբակոծում էին Նանկաուաս գետի երկարությամբ ձգվող անծայրածիր անտառները։ Բոլիվական բանակի գլխավոր շտաբի պետ Կուետոն թռավ Բուենոս Այրես, որպեսզի զգուշացնի հարևաններին։ Տիրակալները սարսափով էին լցվել։ Եթե Բոլիվիայում հաղթի հեղափոխությունը, ապա ո՞վ կարող է երաշխավորել Չիլիի, Արգենտինայի, Բրազիլիայի կամ Պարագվայի անվտանգությունը։

Արգենտինան, Բոլիվիան, Բրազիլիան, Պարագվայը և Պերուն մի բուռ պարտիզաններիի դեմ համատեղ պայքար ծավալելու նպատակով դաշինք կնքեցին։ Սանտա Կրուսում հանդիպեցին Արգենտինայի և Բրազիլիայի ներկայացուցիչները, որպեսզի ազատության համար կռվող մարտիկների դեմ հանեն միացյալ ջոկատներ։

Հարավային Կորեայից, Վիետնամից ու Կոնգոյից Բոլիվիա ժամանեցին ամերիկյան մասնագետները, որպեսզի տեղացիներին սովորեցնեն պարտիզանների դեմ պայքարելու արվեստը։ Վաշինգտոնում շարունակում էին խորհրդակցել։ 1967 թվականի ապրիլի 9-ին Պենտագոնում տեղի ունեցավ ստրատեգիական հանձնաժողովի արտակարգ նիստը։ Նիստը նախագահում էի պետական քարտուղար Դին Ռասկը։ Նիստին մասնակցում էր նաև ԿՀՎ-ի տնօրենը, նրա տեղակալներն ու խորհրդականները։ Հանձնաժողովը քննարկում էր Գևարայի պարտիզանների դեմ ծավալվելիք գործողությունների ծրագիրը։

Պենտագոնում հավաքված հարգարժան պարոնները որոշեցին. ԿՀՎ-ն վարագույրների հետևից կղեկավարի Գևարայի դեմ ծավալվելիք բոլոր գործողությունները, բայց ասպարեզում չի երևա և ոչ մի ամերիկացի։ Դրանից մի քանի օր հետո Բոլիվիայում հայտնվեց ամերիկացիների հատուկ խումբը։

Լատինամերիկյան վեց պետություն, լավ զինված վեց բանակ՝ Կորեայում և Վիետնամում փորձ ձեռք բերած ամերիկացի խորհրդականների և ԿՀՎ-ի տասնյակ գաղտնի գործակալների օգնությամբ, արշավանք սկսեցին շնչարգելությունից ու հոդացավերից տառապող Չե Գևարայի հրամանատարությամբ գործող մի բուռ պարտիզանների դեմ։

1967 թ. օգոստոսի 1-ին Լա Պաս քաղաք ժամանեցին երկու ԿՀՎ գործակալներ՝ կուբայական ծագման ամերիկացի Գուստավո Վիլոլդոն և Ֆելիքս Ռոդրիգես:

1967 թվականի օգոստոսի 14-ին, բանակը գրավեց ապստամբների ճամբարներից մեկը, որտեղ, ի թիվս այլ բաների, զինվորները գտան բազմաթիվ պարտիզանների լուսանկարներ, որոնք Թամարա Բունկեն այնտեղ էր թողել անզգուշությամբ:

1967 թվականի օգոստոսի 20-ին Չե Գևարայի Բոլիվիայում գտնվելը ևս մեկ անգամ հիմնավորվեց այն բանից հետո, երբ զինվորականների բռնվեցին ֆրանսիացի գրող-սոցիալիստ Ռեժիս Դեբրեին՝ Դանտոն մականվամբ: Դրանից կարճ ժամանակ առաջ Դեբրեն եկել էր պարտիզանների առաջնորդի հետ հարցազրույցի և որոշել էր մնալ թիմում: Արևադարձային խոնավ անտառներ նրան ուղարկել էին բոլիվիացի կումունիստները: Պարտիզանական կյանքին Դեբրեն չդիմացավ և խնդրեց Չե Գևարային նրան բաց թողնել: Դեբրեյի հետ միասին որոշեց հեռանալ նաև նկարիչ Սիրո Ռոբերտո Բուստոսը՝ Կառլոս մականվամբ: Չե Գևարան որոշում կայացրեց բաց թողնել նրանց: Դա նրա համար ինքնասպանություն էր և նա դա լավ գիտեր: Չեն գիտեր, եթե Դեբրեն հայտնվեր զինվորների ձեռքերում, ապա առաջին հարցաքննմանը չի դիմանա: Այս ամենը իմանալով նա միևնույնը է թույլ տվեց, որպեսզի հեռանան: 

Շուտով Դեբրերը և Կառլոսն ընկնում են Բոլիվիայի անվտանգության ծառայության ձեռքը: Խոշտանգումների արդյունքում նրանք պատմում են Գևարայի ջոկատի մասին ամեն ինչ: Գարի Պրադոն, ով ղեկավարում էր Դեբրերի և Բուստոսի ձերբակալման գործընթացը, հետո պատմել է. «Երբ մենք բռնեցինք Ռեժի Դեբրեին, հենց նրանից էլ իմացանք, որ ջոկատը ղեկավարում է Չե Գևարան: Անցած ամիս մեր բռնած դասալիքներից իմացել էինք, որ ջոկատում օտարերկրացիներ և կուբացիներ են եղել, սակայն Չե Գևարային մասին նրանք ոչինչ չգիտեին: Այժմ մենք հաստատ գիտենք, որ ջոկատի հրամանատարը Չե Գևարան է»: 
Գարի Պրադոն

Արդարության համար պետք է նշել, որ բանտում Դեբրեին հարցաքննում էին ոչ միայն բոլիվիացիները: Ամերիկացի մասնագետները ևս փորձում են ապացույցներ կորզել նրանից: Հարցաքննությանը ներկա էր նաև Բոլիվիայի նախագահ Բարրիենտոսը: Հենց նա էլ կազմակերպեց գերու մամուլի ասուլիս, որտեղ Դեբրեն ներկայացրեց ջոկատի աղետալի վիճակը: 
Դեբրեի մամուլի ասուլիսը

Դեբրեի խոսքով՝ պարտիզանները տառապում են թերսնումից, ջրի և կոշիկի պակասից: Ջոկատում 22 հոգի էին և կար ընդամենը վեց ծածկոց: Դեբրեն նաև ասել է, որ Չե Գևարան ու մյուս մարտիկները պատված են այտուցներով և խոցերով: Չնայած ջոկատի աղետալի վիճակին, Դեբրեն ասել է, որ Գևարան լավատես է Լատինական Ամերիկայի ապագայի վերաբերյալ և նշել, որ նա հրաժարական է տվել մահանալու համար և որ հավատում է, որ նրա մահը կդառնա հեղափոխական նոր վերածնունդի սկիզբ: 

Ի տարբերություն Դեբրեի, երկրորդ բանտարկյալից Պրադոն ավելի շատ տեղեկություն կորզեց, քանի որ նրա ձեռքում էր պրոֆեսիոնալ նկարիչ Կառլոսը: Նա զինվորականների պահանջով նկարել էր պարտիզանների դիմանկարները: Ի վերջո Դեբրեն և Բուստոսը ստացան 30 տարվա ազատազարկում, բայց երեք տարի անց ազատ արձակվեցին: 
Ձերբակալված Կառլոսն ու Դեբրեն

1967 թվական, օգոստոսի 31: Չե Գևարան հույսը դնում էր տեղացի գյուղացիների օգնության վրա: Անհրաժեշտության դեպքում նրանք և՛ պարենով կապահովեն, և՛ զինվորներից կթաքցնեն: Բայց Գևարան ամենաշատը վստահում էր Օնորատո Ռոխասին, ով ամենահուսալի պարեն բերողն էր: Երբեմն Չեն, հիշելով իր բժշկական փորձը, հետևում էր նրա երեխաներին: 

Մի օր գյուղում, որտեղ բնակվում էր Օնորատոն, հայտնվեց Մարիո Վարգաս Սալինաս անունով մի մարդ: Նա Չե Գևարայի ջոկատի մասին ինֆորմացիա տալու դիմաց Ռոխասին երեք հազար դոլար առաջարկեց: Ռոխասը համաձայնվեց և պատմեց, որ ջոկատը շուտով պատրաստվում է ուղևորվել Ռիո Գրանդե: 

Դավաճանությունից երկու տարի անց Օնորատո Ռոխասը դեմքին արձակված կրակոցից սպանվեց փողոցում: Մարդասպանն այդպես էլ չգտնվեց․․․

1967 թվական, օգոստոսի 3: Հասկանալով, որ նրանց նկատմամբ որս է սկսվել, Գևարան իր ուժերը բաժանեց երկու խմբի: Մեկը ղեկավարում էր ինքը, մյուսը՝ Խուան Ակունա Նունյեսը՝ Խոակինը: Խմբերը ցրվեցին այնպես, որպեսզի այլևս երբեք չհանդիպեն: 

1967 թվական, օգոստոսի 31: Առաջինը ծուղակում հայտնվեց Խոակինը խումբը: Այդ խմբում էր նաև Թամարա Բունկեն: Երբ պարտիզանները սկսեցին անցնել գետը, կառավարական զորքերի ջոկատի հրամանատար, կապիտան Մարիո Վարգասը հրաման տվեց կրակել: 

Պահեստազորի գեներալ Մարիո Վարգաս Սալինասը հիշում է. «Չե Գևարային բռնելը մեր նպատակն էր, բայց մեզ համար անակնալ էր, որ ջոկատը բաժանվել էր երկու մասի և խմբում նա չկար: Նրանք սկսեցին գետն անցնել, առանց նայելու՝ շուրջը մաքո՞ւր է, թե՞ ոչ: Երբ պարտիզանները հասան գետի կեսը, զինվորները կրակ բացեցին և հինգ րոպեում ոչնչացրեցին բոլորին: Մարմիններից մեկը գետը տարավ. կին էր: Մենք չէինք էլ մտածում, որ խմբում կին կա: Մենք այդ մասին չգիտեինք»: 

Չե Գևարան ծանր տարավ գործակալ Տանյայի մահը: Նա այդպես էլ չհավատաց, որ նա մահացել է: 
Տանյայի դին օրեր անց դուրս բերեցին գետից: Նրա մարմնի վրա բազմաթիվ բռնության հետքեր կային, ինչը կասկածի տակ էր դնում Վարգասի խոսքերը:

Էռնեստո Չե Գևարայի «Բոլիվիական օրագրից». «Սեպտեմբերի 7. «La Cruz del Sur» ռադիոն հայտարարեց այն մասին, որ գտնվել է Տանյայի դիակը Ռիո Գրանդեի ափին. հաղորդագրությունը հավատ չէր ներշնչում: Իսկ սեպտեմբերի 8-ին ռադիոն հայտարարեց, որ նախագահ Բարրիենտոսը ներկա է գտնվել դիակի հուղարկավորման արարողությանը, և որ այն կատարել են քրիստոնյաներին վայել կարգով»: 
Բոլիվիայի նախագահ Բարրիենտոս (փողկապով)

Նախագահ Բարրիենտոսն անձամբ էր եկել դիակի ճանաչմանը: Նրան ոչ թե հետաքրքրում էր Չե Գևարան, այլ բոլորին անհայտ պարտիզիանուհին: Մահացած կնոջը նախագահը ճանաչում էր որպես Լաուրա Գուտիերես, Չե Գևարան նրան անվանում էր Թամարա Բունկե, իսկ ընկերները՝ Տանյա: Երեք տարի առաջ էր նա տեղափոխվել Բոլիվիա և սկսել պատրաստվել պարտիզանական պատերազմին: Նա գտել էր իր օրինական ներկայությունն ապահովելու ամենահարմար տարբերակը՝ դառնալով նախագահի սիրուհին:
1998 թվականին Վալե Գրանդե քաղաքի մոտակայքում հայտնաբերվեց բազմաթիվ փամփուշտների հետքերով պատված Լաուրա Գուտիերեսի՝ Տանյայի հուղարկավորված մարմինը․․․

1967 թվականի հոկտեմբերի 7-ի վաղ առավոտից շոգ էր։ Հետախույզները պատժիչ ջոկատի հրամանատարին հայտնեցին, որ Գևարայի պարտիզանները շարժվում են Յուրո ձորակով։ Տասներեքն անց երեսուն րոպեին զինվորները հարձակման հրաման ստացան։ Սկսեցին զգուշորեն մոտենալ ձորակին։ Հետո լսվեցին առաջին կրակոցները։ Գևարայի ջոկատի անդամներից մի քանիսը փորձեցին դուրս պրծնել թակարդից, բայց ուժերն անհավասար էին։ Նրանք բոլոր կողմերից շրջապատել էին ձորակը։

Չե Գևարան և նրա զինակիցները կռվեցին, քանի դեռ չէին սպառվել բոլոր հնարավորությունները։ Սկզբում հրացանից արձակված գնդակը դիպավ Գևարայի ոտքին։ Հետո վիրավորվեց նրա ձեռքը։ Կրակելու ժամանակ պայթեց կոմանդանտեի ատրճանակի փողը։ Երբ ձեռքն առավ երկրորդ ատրճանակը, տեսավ, որ այլևս փամփուշտ չունի։ Ուզեց ոտքի կանգնել, բայց չկարողացավ։ Երբ Չե Գևարայի վրա կրակ բացեցին, նա բղավեց. «Մի կրակեք: Ես Չե Գևարան եմ և ձեզ պետք եմ ողջ, ոչ թե մահացած»: Զինվորները երկար ժամանակ չէին հավատում, որ նրանց դեմ կռվողը հենց Գևարան էր:

Ճակատամարտն ավարտվեց իրիկնամուտին։

Հիգուեյրաս գյուղը ձորակից հեռու չէր։ Կավաշեն տներում մոմերն արդեն վառվում էին, երբ դպրոցի մոտ հայտնվեց պատժիչ ջոկատը, հետը բերելով երկու գերի։ Գերիներից մեկին զինվորները համարյա քարշ էին տալիս։ Դա պարտիզանների հրամանատար Չե Գևարան էր։ Մյուսը նրա զինակից Սիմոն Կուբան էր՝ բոլիվիացի հանքափորների կազմակերպության երբեմնի ղեկավարը։ Կուբայի ձեռքերը շղթայված էին։ Գերիներին բանտարկեցին դպրոցի տարբեր դասասենյակներում։ Որոշ ժամանակ անց Սիմոն Կուբան, ճդիմանալով կտտանքներին, մահացավ:

Գյուղացիները կամաց-կամաց հավաքվեցին դպրոցի մոտ և խնդրեցին ներս թողնել իրենց։ Զինվորները գյուղի շուրջ խրամատներ էին փորում։ Հրամանատարները վախենում էին, որ պարտիզանները գիշերը կփորձեն ազատել գերիներին: Դասարաներից մեկում օղի էին խմում լեյտենանտ Պերեսը, պահակապետ Բերնարդինո Հուանկան և գյուղի հարուստներից մեկի տղան՝ Պաբլո Ֆուենտեսը։ Մայոր Միգել Այորան արդեն քնել էր։

Վաղ առավոտյան զինվորներից մեկը Չե Գևարային նախաճաշ մատուցեց։ Հետագայում նա այսպես նկարագրեց իրենց հանդիպումը. «Գերին կաղում էր, բայց, չնայած դրան, շարունակ այս ու այն կողմ էր քայլում։ Ես զգացի, որ մեկի հետ խոսելու ցանկություն ունի։ Քիչ հետո նա ինձ ասաց, որ ուզում է խոսել ուսուցչի հետ»։

Զինվորական լրագրող Խորխե Տորիկո-Վինցենտին, շնորհիվ իր կիսապաշտոնական դիրքի, առաջինը ժամանեց Հիգուեյրաս և զրուցեց քսաներկուամյա ուսուցչուհու՝ Խուլիե Կորտեզի հետ։ Ըստ էության երիտասարդ ուսուցչուհին վերջին ոչ զինվորական անձնավորությունն էր, որի հետ Չե Գևարան խոսել էր իր մահվանից առաջ։

Խուլիե Կորտեզի պատմածից. «Երբ ես դասասենյակ մտա, նկատեցի անխնամ մորուքով, երկարամազ մի տղամարդու։ Հագի կեղտոտ շորերից գարշահոտ էր փչում։ Տհաճ զգացում ունեցա։ Մորուքավորը թափանցիկ հայացքով զննեց ինձ և հարցրեց, թե արդյո՞ք ուսուցչուհի եմ։ Երբ ես դրական պատասխան տվեցի, սկսեց հարցնել, թե քանի՞ երեխա է հաճախում դպրոց, թե ինչպե՞ս են սովորում, ի՞նչ հակումներ ունեն։ Հետո ինձ պատմեց Կուբայի մասին, ասաց, որ այնտեղի գյուղերում նոր ու գեղեցիկ դպրոցներ են կառուցել։ Ես ասացի, որ Բոլիվիան աղքատ երկիր է, իսկ նա անմիջապես պատասխանեց. «Բայց չէ՞ որ կառավարության անդամներն ու գեներալները շքեղ ավտոմեքենաներով են երթևեկում»։ Մենք խոսակցության նյութը փոխեցինք։ Ես նրան հարցրեցի, թե արդյո՞ք ինքն էլ էր այն պարտիզանների հետ, ովքեր սեպտեմբերին գրավել էին Հիգուեյրասը։ Հետո պարտիզանների ջոկատը գյուղի մոտերքում ծուղակն ընկավ։ Մորուքավորը սեղմեց շուրթերն ուասաց. «Հիգուեյրասի բնակիչները սրիկաներ են։ Նրանք մատնեցին մեզ։ Մատնիչների մեղքով երեք հրաշալի ընկեր կորցրեցինք...»։

Հոկտեմբերի 9-ին, առավոտյան ժամը 10-ին, գյուղի մոտ վայրէջք կատարեց զինվորական մի ուղղաթիռ։ Ուղղաթիռից իջան բոլիվիական բանակի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Բանակի գլխավոր հրամանատար Ալֆրեդո Օուանդո Կանդիային ուղեկցում էին Դավիդ Լաֆուենտե Սոտոն և ԿՀՎ-ի գործակալ Գոնսալեսը։ Մյուս ուղղաթիռով ժամանեցին գնդապետ Զենտենոն և փոխծովակալ Հորացիո Ուգարտեզեն։ Լեռնային Հիգուեյրաս գյուղում հավաքվել էին բոլիվիական բանակի բոլոր ղեկավարները։ Նրանք հերթով զննում էին այն դասասենյակը, որտեղ բանտարկված էր վիրավոր Չե Գևարան։ Հիգուեյրասից մեկնելուց առաջ նրանք պարտիզանների հրամանատարին սպանելու հրաման արձակեցին։ Հետո թռան Վալե Գրանդե, որպեսզի ապահովեն իրենց ալիբին։


Պատժիչ ջոկատի սպաների խոսակցության մանրամասները, իհարկե, հայտնի չեն, սակայն պարզ է, որ նրանք պայմանավորվում էին, թե ով և ինչպես պիտի սպանի պարտիզանների հրամանատարին։ Չե Գևարան լսում էր հարևան սենյակից եկող ձայները։ Հարբած սպաները՝ Մարիո Տերանն ու Բերնարդինո Հունկան, վիճում էին, որովհետև երկուսն էլ ուզում էին Գևարայի դահիճը դառնալ։ Հետո, երբ սենյակ մտավ հերթապահը, գերին նրան խնդրեց երկրորդ անգամ կանչել ուսուցչուհի Խուլիե Կորտեզին։ Կորտեզը զբաղված էր տնային գործերով և մտքով չանցավ, որ կատարելու է մահապարտի վերջին ցանկությունը։ Այդ պատճառով էլ նա խնդրեց հայտնել, որ կգա ճաշից հետո։

Լրագրող Խորխե Տորիկո-Վինցենտին ի մի բերեց ականատեսների պատմածները և այսպես նկարագրեց Չե Գևարայի վերջին րոպեները.«Մարիո Տերանը ձեռքն առավ հրացանն ու մտավ դասասենյակ։ Հանգիստ, բարեկիրթ ձայնով Չե Գևարային խնդրեց նստել։

—Ինչո՞ւ,- հարցրեց գերին,- միևնույն է՝ ինձ կգնդակահարես։

Մարիո Տերանը մի պահ տարակաուսեց և դեպի դուռը գնաց։ Հետո հանկարծակի շրջվեց ու սկսեց կրակել։ Գևարան բնազդաբար ձեռքը բարձրացրեց, որպեսզի պաշտպանվի, բայց գնդակները ծակեցին նրա ուստը, կուրծքը և սիրտը՝ չարագործության հետքը թողնելով դասասենյակի պատին»։

Դրանից մի քանի օր առաջ գնդապետ Զենտենոն արտասհմանյան թերթերի թղթակիցներին ասել էր, որ Չե Գևարան շատ շուտով կբռնվի ու կվնասազերծվի։ Պատահական չէ, ուրեմն, որ հեկտեմբերի 9-ի առավոտյան Վալե Գրանդե քաղաքի օդանավակայանում բազմաթիվ լրագրողներ էին հավաքվել։ Գնդապետ Զենտենոն, որը զինվորոկան ուղղաթիռով գալիս էր Հիգուեյրաս գյուղից, լրագրողներին հայտնեց, որ Չե Գևարան մեռած է, որ սեփական աչքերով է տեսել նրա դիակը։ Հետո ուղղաթիռը օդ բարձրացավ ու նորից թռավ դեպի Հիգուեյրաս։ Ժամը տասնյոթին նույն ուղղաթիռը կրկին հայտնվեց Վալե Գրանդեի օդանավակայանում, որտեղ տասնյակ օտարերկրացիներ կային։ Նրանց մեջ էր նաև ԿՀՎ-ի ոչ անհայտ գործակալներից մեկը։ Լրագրողները ճանաչեցին նրան։

Ուղղաթիռը վայրէջք կատարեց։ Զինվորները հետքարքրասերներին թույլ չտվեցին մոտենալ ուղղաթիռին, բայց բոլորն էլ տեսան, որ դիակ են իջեցնում։ Գնդակահարված Չե Գևարայի դիակն էր․․․

Կես տարի անց, 1969 թվականի ապրիլի 27-ին Բոլիվիայի նախագահ Բարրիենտոսը մահացավ ավիավթարի ժամանակ: Դա դիվերսիա էր, բայց մեղավորներն այդպես էլ չգտնվեցին: Չե Գևարայի մահվան մեղավորներից Բարրիենտոսն առաջինն էր, ով մահացավ: 

Իսկ ահա Չե Գևարայի վրա կրակողը՝ Մարիո Տերանը ողջ է մինչ օրս: Բայց այն, ինչին նա արժանացավ, թերևս ավելի վատ է, քան մահը: Անախորժությունները հետևում են նրան մինչև օրս: Կրակոցներից հետո նա խենթացավ, հետո ինքնասպանության փորձ էր արել՝ դուրս նետվելով պատուհանից, բայց ողջ էր մնացել: Այս դեպքերից հետո նրան մի քանի տարի պահեցին հոգեբուժարանում: Երբ Տերանը դուրս եկավ այնտեղից, կուրացավ: 
Չե Գևարայի վրա կրակողը՝ Մարիո Տերան

1967 թվական, հոկտեմբեր 10: Զինվորականները Գևարայի մարմինը ուղղաթիռով տեղափոխեցին Վալլեգրանդե քաղաք: Հենց այնտեղի հիվանդանոցի լվացքատանն էլ արվեցին մահացած Չե Գևարայի լուսանկարները: 


Այսպիսով ավարտվեց Չե Գևարայի՝ Բոլիվիայում մարքսիստական ապստամբություն բարձրացնելու փորձը: 

Գիշերը Բոլիվիայի ներքին գործերի նախարարի (համատեղության կարգով նաև ԿՀՎ֊ի գործակալի)՝ Անտոնիո Արգեդասի հրամանով, Չե Գևարայի դիակից կտրվել էին ձեռքի դաստակները: Նախարարը պատրաստվում էր դրանք ուղարկել Վաշինգտոն՝ ի ապացույց նրա, որ Գևարան մահացել է: Հետո փոշմանեց և դաստակներն ուղարկեց Կուբա՝ Էռնեստոյի օրագրի ֆոտոկրկնօրինակով:

2000 թվականի փետրվարի 24-ին Անտոնիո Արգեդասի ձեռքում նռնակ պայթեց: Չգիտես թե ինչու նա այն տուն էր տանում: Այդպիսին էր ԿՀՎ նախկին գործակալի և նախարարի մահվան պաշտոնական վարկածը: Քննիչները չկարողացան սպանությունն ապացուցող փաստեր գտնել:

1967 թվական, հոկտեմբերի 11: Չե Գևարայի դաստակներն անդամահատելուց հետո նրա և նրա ընկերների մարմինը հանձնեցին մի քանի բոլիվիացի զինվորների, որոնք էլ դրանքը գաղտնի նետեցին Վալլ Գրանդեի մոտակայքում կառուցվող օդանավակայանի շինհրապարակում փորված հորը:

Այդ օրվանից Չե Գևարայի դիակի գտնվելու վայրը Բոլիվիայում պետական գաղտնիքի պես գաղտնի էր պահվում: Նրա դիակի տեղը քչերը գիտեին, իսկ նրանք, երեսուն տարի լռելուց հետո՝ հերթով մահանում էին: 

Երկարատև լռությունը կոտրվեց 1995 թվականի նոյեմբերին: Նախկին բոլիվիացի զինվորական, ներկայիս գեներալ Մարիո Վարգաս Սալինասը պատմեց, որ նա ներկա է եղել 1967 թ․-ի հոկտեմբերի 11-ի գիշերը տեղի ունեցած գաղտնի «հուղարկավորությանը»: Նրա խոսքով Չե Գևարան և նրա ընկերները թաղվել են թռիչքուղուց ոչ հեռու փորված հորում: 

Ֆիդել Կաստրոյի կարգադրությամբ մի խումբ կուբայական դատաբժշկական փորձագետներ ու պատմաբաններ մեկնեցին Բոլիվիա: 1997 թվականի հուլիսի 1-ին նրանք սկանավորեցին գետինն ու հողաշերտի կառուցվածքի նորմայից շեղումներ հայտանբերեցին: Այդպես բոլիվիացի և կուբացի փորձագետները հայտնաբերեցին Չե Գևարայի թաղման վայրը: 
-Մենք զանգվածային հուղարկավորության վայր գտանք : Մահացածների մարմինները միաժամանակ նետել էին փոսը,-այսպես էր մեկնաբանել արգենտինացի փորձագետ Ալեխանդրո Ինչաուրեգուն: Նա նաև նշել էր, որ երեք մարմինները իրար վրա էին ընկած: Նրանցից մեկն առանց դաստակների էր․․․ 

Այդ փաստը ևս մեկ անգամ ամրապնդեց հետազոտողների համոզմունքը, որ մնացորդները պատկանում են Չե Գևարային: 
Զանգվածային հուղարկավորության վայրը

1997 թվականի հոկտեմբերի 17-ին Չե Գևարայի և նրա վեց ընկերների մասունքները ուղարկվեցին Հավանա և թաղվեցին Սանտա Կլարա քաղաքի հատուկ կառուցված դամբարանում: 


Կան մարդիկ, որոնք չեն մեռնում։ Չե Գևարան անմահներից մեկն է։ Չեն աշխարհի տարբեր կետերում պայքարող ցուցարարների դրոշն է։ Չնայած նրա անձի հանդեպ հակասական կարծիքներին, չնայած թույլ տված սխալներին ու մոլորություններին, բայց այդուամենայնիվ, նա լատինամերիկյան հեղափոխականների խորհրդանիշն է։ Ծնողներին ուղարկած վերջին նամակում գրել էր. «Մարդիկ կարող են ասել, որ ես արկածախնդիր եմ։ Ճիշտ է, արկածախնդիր եմ, բայց բոլորովին ուրիշ տեսակի։ Ես մեկն եմ նրանից, ովքեր կյանքի գնով փորձում են ապացուցել իրենց ճշմարտությունը։ Ո՞վ գիտե, գուցե այլևս չտեսնենք իրար։ Ոչ, մահ չեմ երազում, բայց իրադարձությունների տրամաբանությունն ինձ ստիպում է հաշտվել մահվան հետ։ Ես ձեզ շատ էի սիրում, բայց երբեք չկարողացա արտահայտել իմ սերը։ Ես ամեն ինչում համառ էի, անդրդվելի։ Կարծում եմ, որ դուք երբեք չեք հասկացել ինձ։ Իմ ահռելի կամքն ու համառությունը հիմա ուժ են տալիս հիվանդ ոտքերիս ու հոգնած թոքերիս։ Հիշեք ձեր փոքրամարմին որդուն՝քսաներորդ դարի վարձկանին...»։ 

Հետաքրքիր և ուսուցողական այլ նյութեր կարող եք կարդալ այստեղ։

Комментариев нет:

Отправить комментарий