Մարդ, ով խաբեց Մահին


Ծանոթացեք՝ Պուն Լիմ:
Պունը Երկրորդ համաշխարհայինի տարիներին ստյուարդ էր աշխատում բրիտանական առևտրային նավերից մեկի վրա: Ու եթե հաշվի չառնենք անգլիացիների համար նրա մի քիչ տարօրինակ անունը՝ նա մի շատ սովորական փոքր մարդ էր՝ մի շատ սովորական նավի վրա: Բայց այդ փոքրամարմին ասիացին կարողացավ խաբել Մահին:
Մահը մոտեցավ նրան գերմանացու համազգեստը հագին. պատերազմի բովում գերմանական մի սուզանավ տորպեդահարեց Պունի նավը: Գերմանացիները խորտակեցին բրիտանական նավը, երբ այն ավելի քան հազար կիլոմետր հեռու էր Ամազոնի գետաբերանից: Այդպիսի պայթյունից հետո ողջ մնալը արդեն իսկ բացառիկ երևույթ է, սակայն այդ նավաբեկությունը Պուն Լիմի ոդիսականի ընդամենը սկիզբն էր: Նա լողալով բարձրացավ ջրի երես, մի կերպ տեղավորվեց մի փոքրիկ լաստի վրա և այդ տախտակի կտորի վրա սպասեց իր փրկությանը... ուղիղ 133 օր:
Սկզբում լաստի վրա դեռ մի քիչ խմելու ջուր ու պաքսիմատներ կային: Բայց ինչքան էլ որ խնայողաբար էր դրանք օգտագործում՝ մոտ մեկ ամսից սնունդն ու ջուրը վերջացան, և Պունը մնաց բացարձակապես առանց ոչ մի բանի: Սակայն ապրելու ձգտումը նրան ստիպեց ամեն ինչ անել՝ ողջ մնալու համար: Նա իր սեփական ատամներով դուրս քաշեց լաստի մեխերից մեկը, կոշիկը մուրճի տեղ օգտագործելով ծռեց այն և ձուկ բռնելու կարթ սարքեց: Բռնած ձկները Պունը մաքրում էր պահածոյի տուփից պատրաստած իր դանակով ու չորացնում՝ կախելով լաստի վրա քաշված թելից: Նա հավաքում էր անձրևի ջուրը անջրաթափանց քաթանի մեջ ու դանդաղ, օրվա մեջ մի քանի կում խմում:
Երկու անգամ նրան արդեն թվում էր, թե փրկված է. առաջին անգամ՝ երբ մոտիկից մի նավ անցավ, իսկ երկրորդ անգամ՝ երբ անգլիական պարեկային ինքնաթիռը թռավ նրա վերևից: Բայց ինչքան էլ որ բարձր էր գոռում Պուն Լիմը՝ ոչ ոք նրան չլսեց: Մի ուրիշ անգամ նավաբեկյալին նկատեց գեմանական սուզանավը, բայց ոչ մոտեցավ, ոչ էլ խորտակեց նրան՝ թողնելով, որ նավաստին ինքնուրույն մեռնի: Ըստ երևույթին՝ հենց այդ պահից սկսած Պունը սկսեց կասկածել, որ նացիզմը այնքան էլ լավ բան չէ:
Պունը համարյա լողալ չգիտեր, սակայն օրվա մեջ երկու անգամ նա իրեն պարանով կապում էր լաստին ու մտնում էր ջրի մեջ՝ չհյուծվելու ու մարմինը ֆիզիկապես բավարար վիճակում պահելու համար: Նա նիհարեց, սակայն չթուլացավ: Մոտավորապես երկրորդ ամսվա վերջում փոթորիկը լաստի վրայից սրբեց նրա հավաքած բոլոր աղքատիկ պաշարները: Սակայն Պուն Լիմը հաստատ որոշել էր կուլ չգնալ Մահին: Մի քանի օր անց երկնքում նա մի ճայ նկատեց: Նավաստին լաստի տակից մի քիչ ջրիմուռներ քերեց, թռչնի բնի նման մի բան սարքեց լաստի վրա ու մեջը դրեց ձկան մսի իր վերջին պատառները: Ճայը ի վերջո իջավ լաստի վրա, և ժամեր շարունակ անշարժ պառկած Պունը ճանկեց նրան ու մի կերպ սատկացրեց: Ապա, քանի որ շատ վաղուց է, ինչ անձրև չէր եկել, Պունը խմեց թռչնի արյունը, ծամեց միսը, իսկ մնացորդները շերտ-շերտ կտրատեց ու փռեց արևի տակ չորանալու: Դրանցով նրան հետո հաջողվեց ևս մի երկու թռչուն որսալ: Հաջորդ որսը փոքր շնաձուկն էր, որին որսալուց հետո հերձեց նրան ու ներծծեց լյարդի միջից ողջ արյունը՝ ծարավից չմեռնելու համար, իսկ միսը արևի տակ չորացրեց ու կերավ: 
Պունը օրերը հաշվում էր լաստի եզրին արած խազերով: 131-րդ օրը նա նկատեց, որ ջուրը ոչ թե մուգ կապույտ է, ինչպես առաջ, այլ մի քիչ կանաչավուն երանգ ունի: Վերևում թռչուններ կային, իսկ կողքով ջրիմուռներ էին լողում: Դրանք բոլորը հուսադրող նշաններ էին: 
1943 թվի ապրիլի 5-ի առավոտյան՝ նավաբեկությունից 133 օր անց, նա հեռվում մի փոքրիկ առագաստ նկատեց: Պունը հանեց վերնաշապիկն ու սկսեց այն թափահարելով ցատկոտել լաստի վրա՝ հուսալով, որ իրեն կնկատեն: Քիչ անց նավը փոխեց ուղղությունն ու լողաց դեպի լաստը: 
Պունը ավելի քանի հազար կիլոմետր անցել էր Ատլանտյան օվկիանոսի վրայով՝ չունենալով ապրելու համար անհրաժեշտ բացարձակապես ոչինչ, և ողջ էր մնացել: Նա դիմացել էր սովին, ծարավին, ծովային հիվանդությանը, ալիքներին, այրող արևին և չէր հուսահատվել: Ավելին՝ նա ընդամենը ինը կիլոգրամ էր նիհարել և կարողանում էր ինքնուրույն քայլել: Նավաստին չորս շաբաթ պառկեց հիվանդանոցում, ապա գնաց Նյու-Յորք: 
Ջորջ 6-րդ արքան անձամբ նրան պարգևատրեց Բրիտանական կայսրության մեդալով՝ մեծագույն պարգևով, որին երբևէ կարող է արժանանալ ոչ զինվորական բրիտանացին: Բրիտականակն նավատորմը սկսեց (և մինչև հիմա էլ շարունակում է) իր նավաստիներին սովորեցնել Պունի Լիմի ողջ մնալու հնարքները: ԱՄՆ սենատորներից մեկի անմիջական նախաձեռնությամբ Պունին մշտական կացության իրավունք տվեցին ԱՄՆ-ում՝ հնարավորություն տալով տեղափոխվելու այնտեղ ապրելու: 

Հ.Գ. 2013 թ.-ին այս պատմության հիման վրա նկարահանվեց քառակի օսկարակիր Жизнь Пи ֆիլմը: