1986 թվականի ապրիլի 26-ին տեղի ունեցավ ատոմային էներգիայի պատմության մեջ ամենախոշոր աղետը. Չեռնոբիլյան ատոմակայանի №4 ռեակտորում պայթյուն հնչեց: Մի քանի հարյուր աշխատակիցներ և հրշեջներ փորձեցին մարել այն, բայց իզուր: Հրդեհը շարունակվեց 10 օր: Ամբողջ աշխարհը պատվեց ռադիացիոն ամպով: Այդ ժամանակ զոհվեց ատոմակայանի 50 աշխատակից, իսկ հարյուրավորները վնասվածքներ ստացան:
Ընդունված վարկածի համաձայն` պայթյունը տեղի է ունեցել ապրիլի 26-ին` գիշերը 1:23 րոպեին, երբ հերթափոխի աշխատակիցները երկու տարի առաջ շահագործման հանձնված չորրորդ ռեակտորի վրա ծրագրային փորձ են իրականացրել: «Պրավդա»-ն հայտարարեց. «Վթարը տեղի է ունեցել աշխատակիցների մի շարք սխալների հետևանքով»: Պայթած ռեակտորի, զոհերի եւ 2 մլրդ ռուբլի կորստի մեղքն ամբողջովին բարդեցին ատոմակայանի աշխատակիցների եւ ղեկավարության վրա:
Միայն տարիներ անց գաղտնազերծվեց 1986 թվականի հուլիսի 3-ի ԽՄԿԿ Քաղբյուրոյի նիստի արձանագրությունը. «Հույժ գաղտնի: Միակ օրինակ: Պարզվում է, որ ՉԱԷԿ չորրորդ ռեակտորը (նմանատիպ ռեկատորներն ապահովում են Ռուսաստանի ատոմային էներգիայի 50 %, դրսում դրանք չեն օգտագործում) մի շարք կառուցվածքային թերություններ է ունեցել»: Սակայն խորհրդային տարիներին խորհրդային տեխնիկան «ամենահուսալին եւ ամենահզորն» էր, ուրեմն պետք էր այլ մեղավորներ փնտրել:
Աղետի չափերը և հասցրած վնասները մինչև այսօր անհայտ են: Միայն ռադիացիայի հետևանաքով առաջացած քաղցկեղից մահացան 4-ից 200 հազար մարդ: Չնայած, որ ատոմակայանը կոչվում էր չեռնոբիլյան, բայց այն տեղակայված էր համանուն գետի անունը կրող Պրիպյատ քաղաքի մոտ, որը հիմնականում էներգետիկներով էր բնակեցված: Պրիպյատը և հարակից շրջանները դեռ հարյուրամյակներ անվտանգ չեն լինի մարդու համար: Շատ տեղերում ռադիացիան նորման գերազանցում է 12 անգամ: