35 տարի առաջ, 1981 թ.–ի մայիսի 13–ին, Հռոմի պապ Հովհաննես Պողոս II–ի դեմ մահափորձ իրականացվեց, որը քիչ մնաց նրան զրկեր կյանքից։
1981 թ.–ի մայիսի 13–ին, այդ ժամանակ Մալաթիա գավառի Հեքիմխան գյուղից դեռևս անհայտ մի թուրք` Մեհմեդ Ալի Աղջա անունով, անհաջող մահափորձ իրականացրեց Հովհաննես Պողոս II պապի դեմ։ Սուրբ Պետրոսի հրապարակում, կրակելով Պապի ուղղությամբ, նա վիրավորեց նրան ձեռքից և որովայնից։ Ինչպես հետո փաստում էին բժիշկները` գնդակը հրաշքով չէր վնասել ողնաշարն ու խոշոր զարկերակները։ Չնայած դրան, բժիշկները մեծ դժվարությամբ կարողացան կանգնեցնել Հովհաննես Պողոսի արյունահոսությունը։ Վիրահատությունը տևեց ավելի քան 5 ժամ։ Հեռացրեցի Պապի աղիներից մի քանի դեցիմետր, իսկ ընդհանուր առմամբ բժիշկները որովայնի խոռոչի ութ վտանգավոր վնասվածք արձանագրեցին։
Պապը` մահափորձից անմիջապես հետո |
Պապը` հիվանդասենյակում |
Ահաբեկիչը ձերբակալվեց դեպքի վայրում։ Անմիջապես ձերբակալումից հետո նա հայտարարեց, որ ինքն անձամբ է որոշել սպանել Պապին, գործել է միայնակ և հրաժարվում է համագործակցել ոստիկանության հետ։ «Աղջանի գործը» առ այսօր համարվում է խճճված։ Հետաքննության ընթացքում նա 128 տարբեր ցուցմունք է տվել։
Մահմեդ Ալի Աղջան, ով 1979 թ–ին ձերբակալվել էր «Milliyet» օրաթերթի գլխավոր խմբագիր Աբդի Իփեքչիի սպանության համար։ |
Այդ տարիները համընկան սառը պատերազմի վերջնական փուլի հետ և արևմտյան ԶԼՄ–ները ԽՍՀՄ ՊԱԿ–ին (КГБ) տեսնում էին որպես մահափորձի գլխավոր պատվիրատու։ Այդ ուղղության տրամաբանական շարունակություն էին համարում այն, որ ՊԱԿ–ի ղեկավար Յուրի Անդրոպովը սոցիալիստական Լեհաստանից դուրս եկած լեհ Պապին համարում էր ԽՍՀՄ–ի լուրջ հակառակորդ, քանի որ նա մեծ օժանդակություն էր ցուցաբերում լեհական «Համերաշխություն» շարժմանը և դրա առաջնորդ Լեխ Վալենսաին, ով էլ իր հերթին չէր հերքում, որ ցանկանում է Լեհաստանում տապալել խորհրդային ռեժիմը։ Բայց դատարանում այդ վարկածը ապացուցել չհաջողվեց։ Եվ միայն դատավարությունից 2 տարի անց Աղջանը հայտարարեց, որ իբր իրեն հավաքագրել է Բուլղարիայի հատուկ ծառայությունը։ Այդ կապակցությամբ Իտալիայի իշխանությունները 3 բուլղարացու և 3 թուրքի ձերբակալեցին։ Բայց բոլոր մեղադրանքները հանվեցին` ապացույցների բացակայության պատճառով։
Վարկած կար նաև ԿՀՎ–ի հետ կապված։ Աղջան «Գորշ գայլեր» թուրքական ազգայնական կազմակերպության անդամ էր հանդիսանում, որն իբրև թե թուրքական հատուկ ծառայությունների միջոցով կապված էր ԿՀՎ–ի հետ։
Չնայած այս ամենին, մահափորձից երկու տարի անց Պապը «Ռեբիբբիա» բանտում հանդիպեց Աղջայի հետ և փորձեց նրանցից ճշտել, թե ով է ցանկացել իր մահը, բայց ահաբեկիչն այդպես էլ ոչինչ չասեց։
Հռոմի Պապ հովհաննես Պողոս II–ը զրուցում է իր դեմ մահափորձ իրականացրած Մեհմեդ Ալի Աղջայի հետ. 12 դեկտեմբեր 1983 թ. |
Պապը` Աղջայի բանտախցում |
Հանդիպումից հետո Հովհաննես Պողոսը հայտարարեց, որ ներում է Աղջային։ Այնուհետև, 2000թ.–ին, Պապի խնդրանքով Իտալիայի նախագահ Կառլո Չամպին, քրիստոնեության 2000–ամյակի կապակցությամբ, համաներում շնորհեց հանցագործին։ Բայց այդ ժամանակ իրադարձությունների զարգացմանը միջամտեց Թուրքիան։ Նա հասավ Աղջայի էքստրադիցիային և նրան մեղադրեց 1979 թ.–ին կատարված «Milliyet» օրաթերթի գլխավոր խմբագիր Աբդի Իփեքչիի սպանության մեջ և դատապարտեց մահապատժի։ Բայց 2006 թ.–ի հունվարի 12–ին Մեհմեդը ընկավ մասնակի համաներման տակ և «օրինակելի վարքի» և պայմանական պատժի ժամկետի լրանալու կապակցությամբ ազատ արձակվեց։
8 օր անց, 2006 թ.ի հունվարի 20–ին նրան նորից կալանավորեցին։ Թուրքիայի Գերագույն դատարանը գտնում էր, որ նրան սխալմամբ են ազատ արձակել և Իտալիայում բանտարկության 20 տարին Թուրքիայում չեն հաշվվում։
Նույն թվականի մարտի 6–ին Իտալիայի խորհրդարանում, սենատոր Պաոլո Գուցանտիի կողմից հրապարակվեց խորհրդարանի հատուկ հանձնաժողովի զեկույցից մի հատված` կապված Հովհաննես Պողոս II պապի դեմ իրականացված մահափորձի հետ։ Զեկույցումա ասվում էր. «Հանձնաժողովը կարծում է, որ ԽՍՀՄ ղեկավարությունն է կազմակերպել Պապի դեմ մահափորձը»։ Զեկույցը հիմնված էր 1992 թ–ին Մեծ Բրիտանիա փախած ԽՍՀՄ ՊԱԿ–ի արխիվի պետ Վասիլի Միտրոխինի հրապարակած տեղեկատվության վրա։
2009 թ–ին ԶԼՆ–ները հայտնեցին, որ Ալի Աղջան բանտում քրիստոնեության է ընդունել։
2010 թ.–ի հունվարին նա վերջանականապես ազատ արձակվեց բանտից և ցանկություն հայտնեց բնակվել Լեհաստանում (Պապի հայրենիքում)։ Չնայած այն բանի, որ նրա հեղինակությունը Թուրքիայում գնալով աճում էր, այնուամենայնիվ Աղջայի անձը շարունակում էր գաղտնի մնալ։ Նա պատրաստակամորեն հարցազրույցներ էր տալիս տարբեր երկրների լրագրողներին։ Ամեն առիթով ակնարկում էր, որ շատ բան գիտի Պապի դեմ կատարված մահափորձում հատուկ ծառայությունների կատարած դերի մասին։ Լուրեր էին պտտվում, որ նա պատրաստվում է գիրք գրել իր կատարած մահափորձի վերաբերյալ և որ հրատարակչություն է փնտրում, որը կհամաձայնվի նրան միանգամից 7 միլիոն դոլար հոնորար վճարել։
Աղջայի կերպարը Թուրքիայի օրինակելի էր դառնում։ Ազատության մեջ հայտնվելով նա սկսեց միայն անգլերեն խոսել, իրեն Հիսուս հռչակեց և հայտարարեց, որ հարյուրամյակի վերջին աշխարհը կկործանվի, այնուհետև քննադատություններով ողողեց Քրդստանի Աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլա Օջալանին` մեղադրելով նրան 50 հազար մարդու մահվան մեջ և կոչելով կոմունիստական հրեշ։
Այն վայրը, որտեղ տեղի է ունեցել մահափորձը |
Մահափորձի վայրում փակցած ցուցանակը |
Այս ամենից զատ մի բան մնում է հաստատ. եթե առաջ հետաքննիչները, ապա այսօր նաև պատմաբաններն անգամ չեն կարող պատասխանել Հռոմի պապի դեմ իրականացված մահափորձի վերաբերյալ մի շարք հարցերի։
Աղջան միայնա՞կ է գործել, թե՞ խմբով։ Եթե խմբով, ապա ովքե՞ր էին մնացյալ հանցագործները և ո՞վ էր կազմակերպել մահափորձը։ Աղջան սկզբում բազմանշանակ լռում էր կամ իրեն անմեղ համարում, այնուհետև տալիս նոր ցուցմունքներ, իսկ կարճ ժամանակ անց հրաժարվում դրանցից։ Վարկած կա նաև, որ Աղջան ամենևին էլ կապ չի ունեցել սպանությանը փորձին և նրան իտալացի էքստրեմիստներն ու ծայրահեղականներն ուղղակի օգտագործել են։ Բայց ինչ էլ որ եղած լիներ, թուրքական ԶԼՄ–ները Աղջային «ազգային հերոսի» էին վերածում։ Նրան ամենուր շրջապատում և ուղեկցում էին լրագրողները, իսկ նրանց ձայները, ովքեր կարծում էին, որ Մեհմեդը ահաբեկիչ է, քիչ–քիչ խլացան։
2010 թ–ին, Թուրքիայի հանրային հեռուստատեսության (TRT) ուղիղ եթերում Աղջան հայտարարեց, որ Հռոմի հանգուցյալ պապ Հովհաննես Պողոս II–ի դեմ կազմակերպված մահափորձի ետևում կանգնած էր Վատիկանը։ «Պապի մահափորձի ետևում կանգնած էին Վատիկանի իշխանությունները: Նրանք էին որոշում կայացրել և ծրագրել»,- ասել է Աղջան` ավելացնելով, որ Հռոմի պապի դեմ մահափորձը ցանկանում էր Վատիկանի կառավարության ղեկավարը: «Պապի դեմ հարձակումը ցանկանում էր Վատիկանի վարչապետ, կարդինալ Ագոստինո Վալինին: Այսինքն` Հռոմի պապին մոտ կանգնած անձանցից մեկը: Իսկ գործողությունը ծրագրել է Վատիկանի հետախուզության ներկայացուցիչ պադրե Միչելեն»,- հայտարարել է Աղջան` նշելով, որ իրեն հանձնարարված էր միայն վիրավորել Հովհաննես Պողոս Երկրորդին: «Ինձ հանձնարարեցին ոչ թե սպանել, այլ վիրավորել Հռոմի պապին: Ասացին` «Գլխի կամ սրտի ուղղությամբ չկրակես: Նշան բռնիր որովայնին»: Մահափորձի իրականացումից հետո կարող էի փախչել, սակայն իմ ձերբակալությունը գործողության մի մասն էր»,- ասել է Աղջան` նշելով, որ մահափորձի իրականացման զենքը գնելու համար Վատիկանի իշխանություններից ստացել է 40-50 հազար ԱՄՆ դոլար:
Ի՞նչ էր այս ամենը։ Անհեթեթությո՞ւն, որը կազմակերպել էր Աղջան, թե՞ խաղ, որի հեղինակները ստիպում էին նրան խաղալ. անհայտ է։
2013–ին հրատարակվեց Ալի Աղջայի «Mi avevano promesso il paradisо» («Ինձ դրախտ են խոստացել») գիրքը։ Հեղինակը գրում է, որ նախկինում ինքը ստել է մահափորձին` ռուսական և բուլղարական հատուկ ծառայությունների ունեցած առնչության մասին։ Այժմ նա պնդում էր, որ Պապի սպանության հրամանը տրվել է իրանական կառավարության կողմից, և որ ինքը 1980 թ.–ին եղել է Իրանում, որտեղ նրան սովորեցրել են տարատեսակ զենքերից և պայթուցիկներից օգտվելու կանոնները։ Բայց կարելի՞ է այսքանից հետո Աղջայի հայտարարությանը լուրջ մոտենալ. դժվար է ասել։
2014 թ.–ին Աղջան այցելել է Պապի գերեզման, որը գտնվում է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում: Գերեզման այցելելուց և ծաղիկներ դնելուց հետո նրան իտալացի իրավապահները բերման են ենթարկել, սակայն որոշ ժամանակ անց ազատ են արձակել: Նա իրավապահներին հայտնել է, որ ինքն իր այդ քայլն անհրաժեշտ է համարել:
Комментариев нет:
Отправить комментарий