Սամուել՝ Բուլղարիայի պատմության հզորագույն հայ արքան

Բուլղարիայում հայկական գաղութի պատմությունը սկսվել է V դարից։ Բուլղարիայի տարածքում բյուզանդական տիրապետության ժամանակաշրջանում շատ հայեր բնակություն հաստատեցին։ IX դարում Բյուզանդիայի թագուհու՝ հայուհի Թեոդորա Մամիկոնյանի ջանքերի շնորհիվ քրիստոնեությունը Բուլղարիայում հռչակվեց պետական կրոն։
997-1018 թթ. Բուլղարիայում իշխում էր հայկական թագավորական Կամիտոպուլի (հայ.՝ Կոմսաձագեր) արքայատոհմը, որը սերում էր հայազգի Նիկողայոսից և Հռիփսիմեից։ Սա ուղղափառ արքայատոհմ էր, որը հսկայական հետք է թողել Բուլղարիայի պատմության մեջ։ Արքահայտոհմի հիմնադրի որդիները՝ Դավիթը, Մովսեսը, Ահարոնն ու Սամուելը, իշխում էին երկրի տարբեր մասերում, որի կազմության մեջ էին մտնում ներկայիս Ալբանիայի, Հունաստանի, Մակեդոնիայի և Թուրքիայի որոշ տարածքներ։
Սամուելին վիճակված էր դառնալ Բուլղարիայի ամենահայտնի արքաներից մեկը։ Նա եղբոր հետ ծառայել էր բյուզանդական բանակում՝ հայկական ստորաբաժանումում։ Բյուզանդիայի կայսեր հրամանով նրանց բերեցին Թրակիա՝ բուլղարների դեմ կռվելու։ Տեսնելով տեղի բնակիչների դեմ կատարվող դաժանությունները, նրանք ապստամբեցին կայսեր դեմ և անցան բուլղարների կողմը։ 971-ից ի վեր Սամուելը սկսեց փաստացիորեն կառավարել Բուլղարիան՝ որպես զորահրամանատար և համակառավարիչ՝ Ռոման ցարի հետ միասին։ 977 թ. բյուզանդական գերությունից փախած Ռոման ցարի մահից հետո Սամուիլը դարձավ Բուլղարիայի արքա։ Ձգտելով պահպանել իր թագավորության անկախությունը՝ նա անդադար պատերազմներ էր մղում Բյուզանդական կայսրության դեմ։ Իր կառավարման առաջին տարիներին Սամուելին հաջողվեց մի քանի խոշոր հաղթանակներ տանել բյուզանդացիների նկատմամբ և կանխել նրանց հարձակումներն իր հողերի վրա։
X դարի վերջին բուլղարական զորքերը նվաճեցին սերբական հողերն ու մի քանի արշավանքներ կատարեցին խորվաթների ու հունգարների դեմ։ Սակայն 1001 թվականից սկսած Սամուելը ստիպված էր մեծ ջանքերով պաշտպանել իր հողերը բյուզանդացիների հարձակումներից։ Այն բանից հետո, երբ Բյուզանդիան վերադարձրեց իրեն Բուլղարիայի հյուսիս-արևելյան հողերը, Սամուելը մայրաքաղաքը տեղափոխեց ներկայիս Մակեդոնիայի տարածք։ Ի սկզբանե հստակ մայրաքաղաք չկար, սակայն ժամանակի ընթացքում որպես մայրաքաղաք սկսվեց համարվել Օխրիդը։ Սամուելը մահացավ սրտի կաթվածից 1014 թ. հոկտեմբերի 6-ին՝ Կլեյդիոնի ճակատամարտում սարսափելի պարտությունից երկու ամիս անց։ Չորս տարի անց Բուլղարիան ամբողջապես գրավեցին բյուզանդացիները։
Սամուիլի կառավարման օրոք Բուլղարական թագավորությունը զբաղեցնում էր Բալկանյան թերակղզու մեծ մասը՝ բացառությմաբ Թրակիայի։ Չնայած որ Սամուելի կառավարումը նշանավորվեց Առաջին Բուլղարական թագավորության անկումով, նա համարվում է Բուլղարիայի և Մակեդոնիայի ազգային հերոս։
Սամուելի կյանքի վաղ շրջանի մասին քիչ բան է հայտնի։ Համաձայն պատմաբան Ստեփանոս Ասողիկի՝ Սամուելը ծնունդով հայկական Դերջան գավառից էր։ Իր կառավարման տարիներին Սամուելը, ինչպես և նրա հայրը, Բուլղարիայում բնակեցրեց Բյուզանդիայի տարբեր անկյուններից եկած հայ ընտանիքների։ Նրան շրջապատում էին հայ զորահրամանատարներ, հոգևոր առաջնորդներ, հասարակական գործիչներ։
Սամուելի կառավարման օրոք Բուլղարիայում հայկական մի շարք տեղանուններ առաջացան, որոնց մի մասը պահպանվել է մինչ օրս, օրինակ՝ Արմենցո, Արմենցի, Արմենիկա, Արմենիո, Էրմենցի, Արմեցիո և այլն։

Հետաքրքիր և ուսուցողական այլ նյութեր կարող եք կարդալ այստեղ։

Комментариев нет:

Отправить комментарий