Հասարակության հետաքրքրությունը Մարի Բեսնարի ու նրա գործի հանդեպ այնքան մեծ էր, որ նրա մասին գրում էին աշխարհի բոլոր երկրների լրագրողները: Դրաման ավարտին հասավ 1961 թվականի դեկտեմբերի 12-ին, երբ դատարանը, ապացույցների անբավարարության պատճառաբանությամբ, արդարացրեց տասներկու մարդու թունավորման մեջ մեղադրվող կնոջը: Ի վերջո, այդպես էլ վերջնական պատասխան չտրվեց հարցին` Մարի Բեսնարը 20-րդ դարի մեծագույն թունավորո՞ղն է, թե՞ կատարվածի պատճառը բնության դեռևս չբացահայտված գաղտնիքներն էին:
Այդ կինը ոչնչով չէր տարբերվում Ֆրանսիայի Վիեն նահանգի կանանց մեծ մասից: Միջահասակից ցածր, վաղաժամ թառամած դեմքով, ակնոցի տակ թաքցված մանր, վազվզող աչքերով, բարակ շրթունքներով Մարի Բեսնարը նոր էր բոլորել իր հիսուներեք տարին, երբ հայտնվեց բանտաճաղերից այն կողմ: Ամեն ինչ սկսվեց փոստատան պետի կնոջ` տիկին Պինտուի բամբասանքից...
1947 թ. հոկտեմբերին, կարճատև հիվանդությունից հետո վախճանվեց Մարիի ամուսինը` Լեոն Բեսնարը: Տիկին Պինտուն ընկերուհիներից մեկին հենց այդ ժամանակ պատմել էր, որ Լեոնը մահվանից առաջ իրեն ասել է, թե իրեն թունավորել է կինը: Բեսնարն իբր ասել էր. «Մենք ապուր էինք ուտելու: Ես ափսեում ինչ-որ ջրիկ բան տեսա: Մարին վրան ապուր լցրեց: Ես կերա, ու անմիջապես փսխուք սկսվեց»:
Շուտով տիկին Պինտունի պատմությունը հասավ քաղաքի քրեական ոստիկանություն ու հայտնի դարձավ դատավոր Պիեռ Ռոժեին: Նա ընթացք տվեց Բեսնարի գործին, որը ձգվեց տասնչորս տարի:
Լեոն Բեսնարի թունավորման դրդապատճառն արագ գտան: Բեսնարների տնտեսությունում 1947 թվականից մի քսանամյա գերմանացի ռազմագերի էր աշխատում` Դից ազգանունով, ում բոլորը համարում էին տիկին Բեսնարի սիրեկանը: Ոստիկանական վարկածի համաձայն` կրքոտ տիկինը ամուսնուն վերացրել էր` իրենից երեսուն տարով փոքր գերմանացու հետ առանց խոչընդոտի սեր անելու համար: Այս վարկածն ամրապնդվում էր նաև Մարիի վարքով. ամուսնու մահվանից հետո նա մի քանի տևական շրջագայություն կատարեց Դիցի հետ: Գերմանացին 1948 թվականին վերադարձավ հայրենիք, սակայն սիրակարոտ տիկինը հասավ նրան, որ կրկին վերադառնա Լուդեն: Երբ սկսվեց հետաքննությունը, Դիցը նույնպես հարցաքննվեց, սակայն հերքեց իրենց սիրային կապը և ազատ արձակվեց: Հետագայում նա Փարիզից ստանալով իր փաստաթղթերը` հատեց ֆրանս-գերմանական սահմանն ու այլևս չվերադարձավ:
Հետաքննությունը դեռ Լեոն Բեսնարի մահվան վերաբերյալ փաստեր էր հավաքում, երբ 1949 թ. հունվարի 16-ին մահացավ Մարիի մայրը, որը 1940 թվականից նրանց տանն էր ապրում: Ծեր կնոջ մահը դարձավ այն կայծը, որը կասկածները վերածեց իսկական խարույկի: Քաղաքում խոսում էին, որ ծեր մայրը դստերը հանդիմանում էր ջահել գերմանացու հետ կապի համար: Որոշվեց արտաշիրմել Լեոն Բեսնարի աճյունը: Շուտով տեղի ունեցավ նաև Մարիի մոր դիակի արտաշիրմումը: Լեոնի մարմնում յուրաքանչյուր կիլոգրամին 39 միլիգրամ հարաբերակցությամբ մկնդեղ հայտնաբերվեց: Կիլոգրամին 58 միլիգրամ հարաբերակցությամբ մկնդեղ հայտնաբերվեց նաև Մարիի մոր մարմնում: Փորձաքննության արդյունքները վկայում էին թունավորման փաստը:
Հետաքննությունը շարունակվում էր, և ի հայտ էին գալիս նորանոր, երբեմն ուղղակի միստիկական իրողություններ: Խոսքը վերաբերում է նախևառաջ Մարիի առաջին ամուսնուն` Օգյուստ Անտինյիին, որը մահացել էր 1927 թվականին, տուբերկուլյոզից: Սակայն նրա դիակի արտաշիրմումից հետո պարզվեց, որ մարմնում մկնդեղ կա` կիլոգրամին 60 միլիգրամ հարաբերակցությամբ:
Ամուսնու մահվանից երկու տարի անց Մարին ամուսնացել էր Լեոնի հետ: Ընտանիքում նրան լավ ընդունեցին, շատ էին սիրում, հատկապես` Լեոնի տատի քույրը` 80-ամյա Լուիզա Լեկոնտը, որն իր ողջ ժառանգությունը կտակեց Լեոնի քրոջն ու Մարիին: Կտակը վավերացնելուց հետո նա զարմանալի արագությամբ վախճանվեց: Թունաբանական փորձաքննությամբ նրա մարմնում կիլոգրամին 35 միլիգրամ հարաբերակցությամբ մկնդեղ հայտնաբերվեց: Հետագայում պարզվեց, որ Մարին նրան հաճախ գինի էր ուղարկում...
Շուտով մահացավ Լեոնի տատը` Գուենը: Լեոնը նրա միակ ժառանգորդն էր: Նրա դիակը նույնպես արտաշիրմվեց, սակայն մկնդեղի չափն այնքան չնչին էր, որ սպանության վարկածը հերքվեց:
Արտաշիրմվեց նաև Մարի Բեսնարի հոր՝ Պիեռ Դեվայոյի դիակը: Նրա մարմնում կիլոգրամին 30 միլիգրամ հարաբերակցությամբ մկնդեղ հայտնաբերվեց: Նույն տարում մահացավ Մարիի սկեսրայրը` Մարսելեն Բեսնարը: Այս դեպքում հայտնաբերված մկնդեղը 38 միլիգրամ էր, իսկ Բեսնարները ժառանգեցին ավելի քան 200 հազար ֆրանկ (հոր մահվան «շնորհիվ» Մարին ժառանգել էր նրա կալվածքը): Մի քանի շաբաթ անց եկավ սկեսրոջ հերթը: Մարին մինչև վերջին շունչը խնամում էր նրան, իսկ արտաշիրմումից հետո հանգուցյալի մարմնում կիլոգրամին 60 միլիգրամ հարաբերակցությամբ մկնդեղ հայտնաբերվեց:
Հաջորդ զոհը Լեոնի քույրն էր` Լյուսի Բեսնարը, ում կախված գտան հայրական տանը: Սակայն նրա մարմնում կիլոգրամին` 30 միլիգրամ հարաբերակցությամբ մկնդեղ գտան, ինչը կասկածի տեղիք տվեց, որ Բեսնար ամուսինները «բեմադրել են» ինքնասպանությունը:
Ոստիկանների վարկածով` Լեոն Բեսնարը հանցակցել էր կնոջը ծնողների, ապա և քրոջ սպանության մեջ, ապա և ինքն էր զոհ դարձել, երբ ի հայտ էր եկել կնոջ կապը Դիցի հետ:
Մկնդեղով թունավորվածների շարքը, թվում էր, անվերջ է ձգվելու. Բեսնարների հարևան, 65-ամյա հրուշակագործ Տուսեն Ռիվեն, որոշ ժամանակ անց՝ նրա կինը, Բեսնարների տարեց զարմուհիներ Պոլին ու Վիրջին Լուլերոնները...
Հետաքննության ընթացքում Մարի Բեսնարից խոստովանություն կորզելու տարբեր միջոցներ ձեռնարկվեցին, սակայն արդյունք չկար: Դրա պատճառներից մեկն այն էր, որ կնոջը պաշտպանում էր Փարիզի լավագույն փաստաբաններից մեկը՝ Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Ալբեր Գոտրան...
1952 թվականի փետրվարին սկսվեց դատավարությունը: Գոտրան հասավ նրան, որ դատարանը կրկնակի թունաբանական փորձաքննության նշանակեց:
Մարի Բեսնարի գործով լսումները վերսկսվեցին 1954 թ. մարտի 15-ին: Փորձաքնությունն իրականացրել էին Ֆրանսիայի լավագույն թունաբանները: Սակայն Գոտրայի մարտավարությունն այս անգամ այլ էր: Նա շեշտադրումն անում էր այն իրողության վրա, որ հանցագործության վկաներ չկան. ոչ ոք չի տեսել Մարիին թունավորելիս, չի տեսել մկնդեղ գնելիս, որն, ի դեպ, զոհերին կարող էր անցնել նաև բնական ճանապարհով, ասենք` սովորական ծորակի ջրից: Փորձագետները այս պնդումը հերքել չկարողացան, քանի որ գիտնականների պնդումով՝ հողի մեջ բավականաչափ մկնդեղ կա, որը կարող է անցնել ինչպես ջրին, այնպես էլ բանջարեղենին, մրգերին ու կանաչեղենին...
Մեղադրող կողմի ու պաշտպանության վերջին «ճակատամարտը» 1961 թ. նոյեմբերի 17-ին էր, երբ վկայի տեղը զբաղեցրեց փորձագետ Տրյուֆերը, որը պնդեց, թե մկնդեղը դիակներին կարող է անցած լինել ուղղակի... հողից, ոչ թե կենդանության ժամանակ, այլ թաղումից հետո:
Մեղադրողը փորձաքննության այսպիսի անսպասելի շրջադարձի հետևանքով այլևս անկարող էր պաշտպանել մեղադրանքը, և բանն ավարտվեց նրանով, որ դատարանն անպարտ ճանաչեց «Լուդենի սև այրուն»՝ Մարի Բեսնարին, ում ոճրագործությունը 20-րդ դարի հանցավորության պատմության մեջ մնաց որպես ամենահրեշավոր, բայց և չապացուցված հանցագործություններից մեկը: