Այս հայտնի նկարիչը սնանկացավ միլիոնավոր ալ վարդեր գնելով․ ահա, թե ում մասին է Ալլա Պուգաչովայի հայտնի երգը

19-րդ դարի վրացի տաղանդավոր ինքնուս նկարիչ-պրիմիտիվիստ Նիկո Փիրոսմանին (Փիրոսմանաշվիլի) համաշխարհային փառք ձեռք բերեց միայն մահից հետո, իսկ կյանքի օրոք հաճախ ստիպված էր նկարներ տալ սննդի դիմաց:
Ինքնուրույն պատրաստած ներկերով մոմլաթի, թիթեղի, ստվարաթղթի վրա գեղանկարել է կենդանիներ, Թիֆլիսի դուքանների ցուցանակներ, քաղաքացիների, մանր առևտրականների, գյուղացիների կյանքից պատկերներ, ինչպես և բնանկարներ, նատյուրմորտներ։
Ծնողների մահից հետո մոտ 15 տարի ապրել է Շուլավերում՝ բաքվեցի հայ գործարանատիրոջ այրու՝ Եփրոսինե Քալանթարովայի տանը։ 1870-ական թվականներին Քալանթարովների հետ տեղափոխվել է Թիֆլիս։ Գրել և կարդալ (նաև հայերեն) սովորել է ինքնուրույն, իսկ գեղանկարչություն՝ շրջիկ նկարիչներից։


Այս նկարչի անվան հետ շատ գեղեցիկ լեգենդ է կապված այն մասին, որ մի անգամ նա վաճառեց իր ամբողջ ունեցվածքը և գնեց Թբիլիսիի բոլոր վարդերը: Ասում են՝ Նիկոն դա հանուն սիրած կնոջ արեց, ով աշխարհում ամենաշատը ծաղիկներ էր սիրում:


Փիրոսմանիի մուսայի մասին մեր օրեր միայն շշուկներ են հասել: Հայտնի է միայն, որ 1905 թ. թբիլիսյան բոլոր թերթերում ներկայացված էր Փարիզի մանրանկարչության «Բել Վյու» թատրոնի դերասանուհի, պարուհի և երգչուհի Մարգարիտա դե Սևրի սպասվող ելույթը:

Ելույթի օրը Փիրոսմանին վաճառեց իր ամբողջ ունեցվածքը և ստացված գումարով գնեց Թբիլիսիի բոլոր ծաղիկները: Պատմում են, որ Նիկոն Մարգարիտա դե Սևրի տան մոտ վարդերի 9 սայլ էր ուղարկել: Լեգենդի համաձայն՝ երբ դերասանուհին պատուհանից տեսավ ծաղիկների ծովը, դուրս եկավ նկարչի մոտ և նրան թեժ համբույր նվիրեց:


Իսկ պատմաբան-մատենագետները պնդում են, որ այդ երկուսը երբեք անձամբ չէին հանդիպել: Նրանց տվյալներով՝ Փիրոսմանին իսկապես Մարգարիտա դե Սևրին հսկայական քանակությամբ ծաղիկներ էր ուղարկել, բայց դրանից անմիջապես հետո գնաց ընկերների հետ խմելու:

Ի դեպ, Ալլա Պուգաչովայի հայտնի երգի միլիոնավոր վարդերը նույնպես գեղեցիկ լեգենդի մաս են: Ծաղիկներն իսկապես շատ էին, բայց սայլերում ոչ միայն վարդեր էին: Ականատեսների խոսքով՝ ծաղիկների մեջ կային շուշաններ, բեգոնիաներ, քաջվարդեր, եղրևանի, ալոճենի, կակաչներ, անեմոնններ, ակացիաներ… Մի խոսքով՝ ամենը, ինչ գտնվել էր քաղաքում: 

Ասում են նաև, որ ծաղիկներ ստանալուց հետո Մարգարիտա դե Սևրը Նիկոյին իր համերգի հրավեր էր ուղարկել, բայց այդ երեկո Նիկոն այդպես էլ թատրոն չէր գնացել: Երբ նկարիչը որոշեց այցելել, դերասանուհին արդեն Թբիլիսիում չէր: Շշուկների համաձայն՝ նրան քաղաքից հարուստ երկրպագու էր տարել: Մարգարիտան այլևս Վրաստան չէր այցելել: 

Ահա, թե նրան ինչպես էր նկարագրում գրող Կ. Գ. Պաուստովսկին, ով դերասանուհուն անձամբ ճանաչում էր. «Մարգարիտան ապրում էր կարծես երազում: Նրա սիրտը փակ էր բոլորի համար: Նրա գեղեցկությունը պետք էր մարդկանց, բայց երևում է՝ պետք չէր հենց իրեն… Նրա հասուն կանացիության մեջ ինչ-որ ահարկու բան կար, և կարծես նա ինքը դա գիտակցում էր»: 

Նիկո Փիրոսմանիի մահից 50 տարի անց Լուվրում տեղի ունեցավ նրա նկարների ցուցահանդեսը:
1975 թվականին Թբիլիսիում բացվել է Նիկո Փիրոսմանիի հուշարձանը։ Վրաստանում թողարկվել է թղթադրամ Փիրոսմանիի դիմանկարով, նրա ծննդյան 125-ամյակի առթիվ՝ փոստային դրոշմանիշ (2002 թվական)։ 1982 թվականին Միրզաանիում բացվել է Փիրոսմանիի տուն-թանգարանը։

Комментариев нет:

Отправить комментарий