Բալթազար Կոսսա՝ ծովահեն և Հռոմի պապ

Ծովահենության աստղը մարեց 19-րդ դարում, երբ 1856 թ. ծովային իրավունքներին նվիրված փարիզյան կոնֆերանսում կառավարությունները պայմանավորվեցին բաց ծովում կատարված ցանկացած բռնի արարք համարել հանցանք:
Հետաքրքիր է 15-րդ դարի հայտնի ծովահեն Բալթազար Կոսսայի պատմությունը: Նա հետագայում դարձավ Հռոմի պապ և 1410-1415թթ. ղեկավարեց կաթոլիկ եկեղեցին:
Կոսսաների տոհմը սերում էր Հռոմեական կայսրության ժամանակներից, և Կոսսա անունն առաջին անգամ հիշատակվում է մ.թ.ա 459 թ.-ին, երբ Կոռնելուս Կոսսան հռոմեական բանակի գնդապետ էր: Բալթազար Կոսսայի հորը պատկանում էր նեապոլյան ծոցի Իսակյան կղզին՝ հինգ գյուղերով:
Բալթազարի մեծ եղբայրը՝ Գասպարը, հայտնի էր որպես ծովահենների «ադմիրալ»: Հենց նա էլ բալթազարին մտցրեց ծովահենների շրջապատ: Վերջինս մասնակցել էր եղբոր բոլոր մեծ գործերին՝ թե՛ ծովում, թե՛ ցամաքում: Նրա տարերքն էր դարձել թալանելը, գերի վերցնելը՝ մասնավորապես կանանց և երեխաներին: Չորս տարի Բալթազարի նավերը շրջում էի Միջերկրական ծովում՝ հարձակվելով բոլոր անցնող նավերի վրա:
Մի անգամ, հերթական հարձակումից վերադառնալիս, Կոսսայի նավատորմն ընկավ փոթորկի մեջ: Կործանվեցին բոլոր նավերը, ավարը, 50 գերիները: Մի նավակով փրկվեցին միայն Բալթազարը և նրա երեք ընկերները՝ Յանդրան, Ռիներա Գուինջինը և միաչքանի հսկա Գուինդաչո Բուանակորսան: Նավակում Բալթազարը և Գուինդաչոն խոսք տվեցին փրկվելու դեպքում անպայման հոգևորական դառնալ: Մի ամբողջ օր նրանք ծովի ալիքների վրա դեսուդեն էին տարվում, երբ կիսամեռ ափ նետվեցին: Նրանք փրկվեցին:
Մի դիպված շատ օգնեց Բալթազարին. Ուրբան VII-ից հետո Հռոմի պապ դարձավ Կոսսաների ընտանիքի բարեկամ Պետրոս Տոմաչելլին, ով վերցրեց Բոնիֆացիոս IX անունը: Նա Բալթազարին անմիջապես սուրբ Եվստաֆիոս եկեղեցում քահանայի օգնական կարգեց, իսկ 1402 թ.-ի փետրվարի 27-ին Բալթազարը ստացավ կարդինալի կոչում: Բալթազարի կենսագիր, Վատիկանի քարտուղար Դիտրիխ ֆոն Նիմը գրում է. «Չլսված, իրեն ոչ մի հավա­սարը չունեցող «գործեր» էր անում Բալթազարը Հռոմում եղած ժամա­նակ. է՛լ անառակություն, է՛լ արյունապղծություն, է՛լ բռնություն և մեղ­քի այլ ձևեր, որի վրա ժամանակին ուղղվել էր Աստծո զայրույթը»: Նպատակին հասնելու ընթացքում Կոսսան թողնում էր արյան, բռնության հետքեր, սակայն նրա անկոտրում դաժանությունը նրան է՛լ ավելի էր բարձրացնում Բոնիֆացիուս IX-ի և մյուս կարդինալների աչ­քում։ Բալթազարի բոլոր ճանապարհորդություններում նրան ուղեկցում էին հավատարիմ ընկերներ Ռիներա Գուինջին և Գուինդաչո Բուանակոր­սան:
Կոնկլավի (կարդինալների ժողով) անդամներին կաշառելով 1410 թ.-ի մայիսի 21-ին Բալթազարը միաձայն ընտրվեց Հռոմի պապ ու դարձավ Հովհաննես XXIII:
Չորս տարիները բարեհաջող անցան, սակայն հետո վատացան հարաբերությունները Նեապոլի թագավոր Վլադիսլաբի հետ: Վերջի­նիս զորքերը 1414 թ. հունիսի 8-ի գիշերը հարձակվեցին պապական հողերի վրա և գրավեցին դրանք: Բալթազարին հաջողվեց փախչել: 1414 թ. նոյեմբերին, կայսերական ազատ քաղաք Կոստանցայում  Հով­հաննես XXIII-ը գումարեց եկեղեցական ժողով: Նիստերի ընթացքում նա տեսնելով, որ իր «հերոսությունները» արդեն հայտնի են բոլորին և որ աստիճանաբար կորցնում է հողը ոտքերի տակ, դիմեց ծայրահեղ քայլի: 1415 թ. մարտի 20-ին նա գաղտնի հեռացավ քաղաքից և պատսպարվեց Շաֆհաուզենի գլխավոր ամրոցում` Ֆրիդրիխ Ավստ­րիացու հովանու ներքո: Մայիսի 14-ին, հատուկ նիստի ընթացքում, Հովհաննես XXIII-ը զրկվեց գահից, մայիսի 17-ին նրան նետեցին Ման-Գեյմ ամրոցը, սակայն 38 հազար ոսկով նա ազատ արձակվեց:
Ազատվելուց և կոչումը կորցնելուց հետո, արդեն նախկին պապ Հովհաննես XXIII-ը եկավ Ֆլորենցիա և ընդու­նելության արժանացավ նոր պապ Մարտին V-ի կողմից: Կոսսան ծնկա­չոք նրանից ներողություն խնդրեց: Հաջորդ օրը Մարտին V-ը Կոսսային նշանակեց Տուսկուլի եպիսկոպոս: Նա սուրբ կոլեգիայի առաջին կարդինալն էր և ապրում էր Ֆլորենցիայի գեղեցկագույն դղյակներից մեկում:
Բալթազար Կոս­սան մահացավ 1419 թ. դեկտեմբերի 22-ին, նրա թաղումը կատարվեց մեծ հանդիսավորությամբ, իսկ գերեզմանին, քանդակագործ Դոնատելլոյի և Միկելոցցոյի կողմից կառուցվեց շքեղ դամբարան:
Նրա անունը արատավորության խորհրդանիշ էր դարձել և 550 տարիների ընթացքում ոչ մի պապ այն չէր ուզում իրենց վերցնել: Եվ միայն 1958 թ-ին,կարդինալ Ռոնկալլին, ստանձնելով Հռոմի պապի աթոռը, նորից վերցրեց Հովհաննես XXIII անունը, դա բացատրելով նրանով, որ Բալթազար Կոսսան օրինական պապ չի եղել:



Նրա անունը արատավորության խորհրդանիշ էր դարձել և 550 տարիների ընթացքում ոչ մի պապ այն չէր ուզում իրենց վերցնել: Եվ միայն 1958 թ-ին, կարդինալ Ռոնկալլին՝ստանձնելով Հռոմի պապի աթոռը, նորից վերցրեց Հովհաննես XXIII անունը, ընդգծելով, որ Բալթազար Կոսսան օրինական պապ չի եղել:


Комментариев нет:

Отправить комментарий